HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Նյու Յորքում է

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Վերջինիս շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախատեսված է տուբերկուլոզին նվիրված ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպում, իսկ սեպտեմբերի 27-ին` ոչ վարակիչ հիվանդությունների թեմայով նիստ, որոնց ընթացքում նախատեսված են նախարար Թորոսյանի ելույթները: 

Տուբերկուլոզը և ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ այսօր համաշխարհային նշանակության խնդիր են: Ակնկալվում է, որ հիշյալ հանդիպումը հիմնաքար կհանդիսանա մասնակից երկրների համար` դրանց դեմ պայքարի ակտիվացման, նոր մոտեցումների որդեգրման առումով: Նպատակն է` ընդգծել առաջիկա տարիներին տուբերկուլոզի և ոչ վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այս հարցերը հնչեցվելու են առաջին անգամ: 

Միաժամանակ, այս քննարկումները բացառիկ հնարավորություն են քաղաքական ներգրավվածության և արդյունքների մասին միմյանց հաշվետու լինելու համար: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել հիվանդությունների դեմ գլոբալ պայքարի առաջընթացը, ինչպես նաև ուրվագծել հետագա գործողությունները` «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված 3-րդ` «Ապահովել առողջ կյանք և բարեկեցություն բոլորի համար` անկախ տարիքից» նպատակին հասնելու համար: 

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ՄԱԿ-ի անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի կառույցների, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարի համատեղ ծրագրի հետ աշխատանքները համակարգող նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Լուսինե Քոչարյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter