HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը չի ստացել կուրսանտի գործով անձանց ենթադրյալ խոշտանգելու առնչությամբ դատարանի ուղարկած գրությունը

Գլխավոր դատախազությունը չի ստացել կուրսանտի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգելու առնչությամբ քննություն սկսելու վերաբերյալ դատարանի ուղարկած գրությունը: Այս մասին ասաց  դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին հայտնել էր, որ նույն օրը պատրաստվում է գրություն ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի դատախազությունը քննություն սկսի սպանության գործով ամբաստանյալների՝ դատարանում արած հայտարարությունների վերաբերյալ:

Վերջիններս դատարանում բազմիցս հայտարարել են այն մասին, որ իրենց դեմ ցուցմունք տված անձանց, ինչպես նաև իրենց նկատմամբ ռազմական  ոստիկանությունում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառվել: Ըստ  ամբաստանյալների՝ իրենց դեմ տրված ցուցմունքները հենց այդ բռնությունների արդյունք են:

Դատավոր Դավիթ Հարությունյանի աշխատակազմից տեղեկացանք, որ  պատվիրված գրությունը սեպտեմբերի 12-ին ուղարկվել է դատախազություն: Այսինքն՝  12 օր է գրությունը տեղ չի հասնում:

Այսօր նշանակված էր սպանության գործով հերթական դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: Դատարանի աշխատակազմից տեղեկացանք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը գործուղման մեջ է:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter