HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին Ալավերդու ձուլարանի պատճառած վնասը կազմել է մոտ 380 մլն դրամ

Ավարտվել են Ալավերդու պղնձաձուլական գործարանի տեսչական ստուգումները, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու համար շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է ACP ընկերությանը վճարելու համար: Այս մասին Facebook սոցցանցում հայտնում է  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Ստուգման արդյունքներից ելնելով՝ տեսչական մարմինը պետք է ընկերությանը հանձնարարական տա խախտումները վերացնելու մասին: Նախապես որոշվել էր ընկերությանը պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու համար, սակայն ընկերության ներկայացուցչի հետ այդ հարցը քննարկելիս եկանք այն եզրահանգման, որ դա ինքնախաբեություն է, որով զբաղվել են նախորդ իշխանությունները՝ տրված թույլտվությանը զուգահեռ 2013-2017 թվականների համար նմանօրինակ պայմաններ ներկայացնելով: Դրանք իմիտացիոն պայմաններ էին, որոնք չէին կարող իրականացվել (ֆիլտրեր տեղադրելու և այլ եղանակներով ծծմբի անհիդրիդի և այլ տարրերի արտանետման ծավալների նվազեցում 90 և այլ տոկոսներով և այլն):

Իրավիճակից ելնելով՝ մենք ընկերությանն առաջարկեցինք այս հարցի վերաբերյալ Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և իրականության վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ներկայացնել մարդկանց: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները: Քննարկման արդյունքները կնպաստեն, որ բնապահպանական տեսչությունը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները:

Անձամբ ինձ համար սա նաև լուրջ մարտահրավեր է հետագայում ևս վարչարարության և պետական մարմնի կողմից որոշումների ընդունման գործընթացում հանրային գործուն մասնակցություն ապահովելու համար, ինչը կարող է լինել ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում: Քննարկումը կլինի երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի մեկին, ժամը 11:00-ից, Ալավերդու մշակույթի պալատում: Հրամմեցեք»,- գրել է Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter