Իրավիճակ է փոխվել նաև «Նուբարաշեն» կլոր բանտում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել նաև «Նուբարաշեն» կլոր բանտում: Հիմա կպատմեմ վերջին օրերին տեղի ունեցածը:
Մի քանի օր առաջ, երբ «Նուբարաշեն» բանտի կլոր տանիքի տակ զբոսնում էի իմ զբոսախցում, կողքի զբոսախցից ձայն տվեցին.
-
Մհե՛ր, շնորհավոր, խրախուսանք ես ստացել:
-
Ի՞նչ խրախուսանք, - զարմացած հարցրեցի ես:
-
Ո՞նց, չգիտե՞ս… սովորող, աշխատող, գրող ցմահներին խրախուսում են:
Հետո արդեն ինձ հրավիրեցին աշխատասենյակ և մեկուսարանի ՍՀԻԱ (սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների) բաժնի աշխատակիցը շնորհավորեց ինձ՝ հայտնելով, որ մեկուսարանի պետ Էդուարդ Գրիգորյանը բարեխիղճ աշխատանքի և ուսման, նաև ստեղծագործական աշխատանքի համար պաշտոնապես խրախուսել է: Իմացա, որ խրախուսվել են նաև մյուս սովորող, ստեղծագործող ցմահ դատապարտյալները: Շնորհավորում եմ բախտակիցներիս ու շնորհակալություն հայտնում բանտի ադմինիստրացիային:
Արդեն շնորհակալագիր եմ գրել բանտի պետի անունով: Նաև տեղում հայտնեցի շնորհակալությունս գնահատանքի համար թե՛ մեկուսարանի պետին, թե՛ բոլոր բաժինների աշխատակիցներին: Ծանոթացա նաև ՍՀԻԱ բաժնի առաջատար մասնագետի զեկուցագրին և անվտանգության ապահովման և օպերատիվ աշխատանքների բաժինների աշխատակիցների գրավոր կարծիքին, ովքեր առարկություններ չունեին ինձ խրախուսելու վերաբերյալ: Ահա խրախուսանքի փաստաթղթերի պատճենները, որոնք իմ խնդրանքով հենց նույն օրը տրամադրեցին: Իսկ խրախուսանքի միջոցներն են` երկարատև կամ կարճատև լրացուցիչ տեսակցությունների տրամադրումը, զբոսանքի ժամերի ավելացումը, նույնիսկ ռեժիմի փոփոխումը: Ես մեկ անգամ ավելի մի քանի ժամով կտեսնեմ ընտանիքիս:
Շնորհակալություն նաև ինձ ուսման հնարավորություն տված Սլավոնական համալսարանի ղեկավարությունն ու դասախոսներին, ինձ աշխատանքի հնարավորություն տված «Հետքի» խմբագրին ու տնօրենին, իմ գրքերի հրատարակիչներին, տպագրիչներին և, իհարկե, հովանավորներին: Հենց բոլորիդ շնորհիվ է, որ խրախուսանք եմ ստացել:
Խրախուսանքի ինստիտուտի չկիրառման հարցը տարիներ շարունակ բարձրաձայնել եմ թե՛ ես, թե՛ այլ դատապարտյալներ, օրինակ՝ Արսեն Արծրունին իր պաշտպանների հետ միասին: Մասնավորապես, զարմանալի էր, որ տարիներ շարունակ բանտում զբաղված լինելով գիտությամբ ու ուսումնառությամբ, Արսեն Արծրունին, մյուս ցմահ բանտարկյալները չէին խրախուսվում: Մեկուսարանի աշխատակիցները նույնպես առանձին զրույցների ժամանակ ասում էին, որ դրական վարքագծի համար պետք է խրախուսել մարդուն, սակայն նախկին իշխանությունների օրոք չէին թաքցնում, որ հրահանգ կա, չգրված նորմ՝ ցմահների նկատմամբ չկիրառել խրախուսանքներ: Հիմա փաստացի իրավիճակ է փոխվել նաև «Նուբարաշեն» կլոր բանտում: Ասեմ, որ խրախուսանքները կարևոր են պայմանական վաղաժամկետ ազատվելիս, դատապարտյալին բնութագրելիս:
Այս հոդված-նամակումս ցանկանում եմ տեղեկացնել, որ իրավիճակը փոխվել է նաև այլ հարցերում, մասնավորապես իմ այստեղ գտնվելու արդեն 23-րդ տարվա մեջ վերջապես ազատազրկվածներին պետությունը պարբերաբար տրամադրում է միրգ և բանջարեղեն, պատրաստվող ճաշերի որակը զգալիորեն լավացել է, և շատերը սկսել են օգտվել բանտի ճաշերից:
Ինչպես Հայաստանի բոլոր ազատազրկման վայրերում գտնվողները և նրանց ընտանիքները, այդպես էլ մենք` ցմահ ազատազրկվածներս և մեր ընտանիքները, հատկապես նրանք, ում բանտում պատիժ կրելու 20 տարին արդեն լրացել է, անհամբեր և մեծ հավատով սպասում ենք, որ նոր Հայաստանում, որտեղ հաղթեց Սիրո Հեղափոխությունը, վերջապես իշխանությունները կանդրադառնան նաև մեզ և քրիստոնեական մարդասիրական սկզբունքները կփոխեն նաև մեր և մեր ընտանիքների ճակատագրերը:
Հ.Գ. Հարազատներս փոխանցել են, որ մեր մեծ երգիծաբան Լեռ կամսարի «Բանտիս օրագրի»՝ իմ ռուսերեն թարգմանությամբ տարբերակն արդեն տպարանում է: Հոկտեմբերին պատրաստվում ենք շնորհանդեսի: Հոգեպես կլինեմ Ձեր մեջ… շատ կուզեմ ներկա գտնվել նաև ֆիզիկապես:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել