HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Կարող եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում կա հակահեղափոխություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խորհրդարանում էին. նրանք նախ հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Կառավարության ղեկավարի այցը պայմանավորված էր ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով, ինչը վարչապետը բնորոշեց որպես հակահեղափոխություն:

«Այն ինչ տեղի է ունեցել, չի կարող մնալ առանց հետևանքների, և ես պատրաստվում եմ անել շատ կարևոր քաղաքական հայտարարություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Հարցին՝ կարծում է կանոնակարգ-օրենքը միտումնավո՞ր են հիմա փոփոխում` արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, վարչապետը դրական պատասխանեց.

«Եթե հարց էր գնում Հայաստանում հակահեղափոխություն կա, թե չկա, հիմա կարող եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում կա հակահեղափոխություն, և հակահեղափոխական են բոլոր նրանք, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Ցանկացած պատգամավոր, որ հայտարարի` պաշտպանում է այդ նախագիծը, պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է, և ինքը ցանկանում է, որ կոռուպցիան ռևանշի հասնի իշխանության նկատմամբ»:

Փաշինյանի խոսքով՝ այս ամենից մեկ եզրահանգման պետք է գալ. «Պետք է արձանագրենք հետևյալը՝ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Հարցին՝ հանրության ճնշման ներքո՞ են լինելու արտահերթ ընտրությունները, վարչապետն ասաց. «Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդական իշխանություն, և եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն լինի, եթե պարզվի, որ վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ընտրություններ կլինեն»:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակած օրենքի նախագծում առաջարկվում է դրույթ ավելացնել «ԱԺ կանոնակարգ» օրենքում և դեպքերում, երբ լինում են ֆորսմաժորային իրավիճակներ կամ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը խորհրդարանում, նիստը ընդհատվի և շարունակվի այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները վերացվեն: Այս դրույթը «Ելք»-ակաների և կառավարության ներկայացուցիչների կարծիքով նրա համար է, որպեսզի վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանի՝ իրավունքի ուժով արձակումը խափանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter