HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրերս կշահագործվի Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը

Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը, որի վերանորոգումը սկսվել էր 2008թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել է 2011թ. հունիսին, առաջիկա օրերին կշահագործվի: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Հիշեցնենք, որ մասնաշենքի վերանորոգումը կատարվել է սոցներդրումների հիմնադրամի հատկացրած մոտ 200 մլն դրամով: Ստեփան Մոսինյանն ասաց, որ մեկ ամիս առաջ սկսվել է հիվանդանոցի բաժանմունքների կահավորումը` սկսած բուժսարքավորումներից, ավարտած կահույքով:

«Հիվանդասենյակները կահավորվել են լիովին նոր գույքով, իսկ բուժսարքավորումներն ամբողջությամբ արդիական են»,- ասաց Ստեփան Մոսինյանը եւ հավելեց, որ, այնուամենայնիվ, կահավորման գործում դեռևս չեն լուծվել որոշ տեխնիկական հարցեր:

«Հետքի» հարցին, թե ում կողմից և որքան ֆինանսական միջոցներ է ներդրվել հիվանդանոցի կահավորման համար, Ստեփան Մոսինյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ դեռևս տեղյակ չեմ ծախսված գումարների չափից, սակայն կարող եմ ասել, որ  հիվանդանոցը կահավորվում է առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից: Ներկա պահին մենք ընդամենը ստացել ենք տրված գույքի անվանումն ու  քանակը, բայց գումարային տեսքով որևէ թիվ չենք ստացել»: 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցին տրամադրվել են   սեղաններ, աթոռներ, մահճակալներ, շիրմաներ, պահարաններ, սառնարաներ:

«Բոլոր հիվանդասենյակներն ապահովված կլինեն սառնարաններով: Հիվանդասենյակների մահճակալների սպիտակեղենն ու շերտավարագույրները  ձեռք է բերվել սեփական միջոցներով»,- տեղեկացրեց Ստեփան Մոսինյանը:

Բժշկական սարքավորումներից հիվանդանոցին հատկացվել է վիրահատական նոր գործիքներ՝ աթոռներ, ֆունկցիոնալ մահճակալներ, պատգարակներ և անհրաժեշտ  այլ սարքավորումներ: Հիվանդանոցի հիմնանորոգված մասնաշենքում օրեր անց կսկսեն աշխատել ընդհանուր վիրաբուժական, թերապեւտիկ բաժանմունքները, ռեանիմացիոն բլոկը, մանկական բաժանմունքը, լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, անհետաձգելի բուժսպասարկման աշխատասենյակը:

Տնօրենն ասաց, որ ներկա պահին Ալավերդու մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը չի կարող տեղափոխվել վերանորոգված մասնաշենք, քանի որ այն իր չափորոշիչներով չի համապատասխանում վերանորոգված հիվանդանոցի  պայմաններին եւ նախագծով բաժանմունքի տեղափոխումը նախատեսված չէ: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքի արդականացման խնդիրը կլուծվի բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքի վերանորոգումից հետո, որի համար անհրաժեշտ շուրջ 350 մլն դրամից  սոցներդրումների հիմնադրամն այս տարի հատկացրել է 130 մլն դրամ:

«Մնացած գումարների ներդրումները, հուսով ենք՝  կկատարվի առողջապահության նախարարության կողմից:  Գլխավոր մասնաշենքի վերանորոգումը կսկսվի 2012թ. ընթացքում»,- ասաց  տնօրենը:

Ալավերդու Շահումյան թաղամասի ծննդատան անհրապույր և հակասանիտարական վիճայում գտնվող շենքում ներկայումս բուժվում է 45 հիվանդ: Թե հիվանդանոցի վերանորոգված մասնաշենք բաժանմունքն այս տարվա ընթացքում կոնկրետ ե՞րբ կտեղափոխվի, Ստեփան Մոսինյանը չգիտի: Նա ասում է, որ այդ հարցը որոշելու են Լոռու մարզպետն ու առողջապահության նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter