
ԱՄԷ-ում «Հետքը» արգելափակված է
Արդեն երկար ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների մեր ընթերցողները չեն կարողանում կարդալ «Հետք»-ի թողարկումները: Կայքը (www.hetq.am) բացելիս գրվում է. «Մենք ներողություն ենք խնդրում, այն կայքը, որ դուք փորձում եք մտնել, արգելափակված է, քանի որ դրա բովանդակությունը հակասում է Արաբական Միացյալ էմիրությունների կրոնական, մշակութային, քաղաքական եւ բարոյական արժեքներին»:
Ինչո՞վ «Հետք»-ը չի համապատասխանում ԱՄԷ-ի վերոհիշյալ արժեքներին: Այս տարվա հուլիսից «Հետք»-ը հոդվածաշարով սկսեց հրապարակել մեկ տարի տեւած լրագրողական հետաքննությունը, որը նվիրված էր այդ երկրում կանանց վաճառքին: Հոդվածաշարում նկարագրվում էր այն ճանապարհը, որով հայաստանյան գյուղերից եւ քաղաքներից կանայք հայտնվում են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ենթարկվում սեռական շահագործման: «Հետք»-ի լրագրողները բացահայտել էին սեքս-բիզնեսի մի ցանց' նշելով անուններ եւ հրապարակելով լուսանկարներ: Լրագրողները պարզել էին, որ այդ բիզնեսի մեջ ներգրավված են նաեւ Դուբայի ոստիկանության եւ միգրացիոն ծառայության աշխատակիցները:
«Հետք»-ի աշխատակազմը վստահ է, որ կանանց վաճառքը, նրանց ստրկական շահագործումը չեն կարող ԱՄԷ-ի ժողովրդի «կրոնական, մշակութային, քաղաքական եւ բարոյական արժեքներ» համարվել:
ԱՄԷ-ում մեր թերթի արգելափակումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկրի իշխանությունները չեն հանդուրժում խոսքի ազատությունը եւ սեփական ժողովրդից թաքցնում են իրականությունը:
«Հետք»-ի լրագրողները Դուբայում, Շարժայում, Աբու Դաբիում հանդիպել են շատ տեղացիների, որոնց հետ քննարկել են հոդվածներում բարձրացված խնդիրները: Նրանք բոլորը միանշանակ դատապարտում էին երկրի քաղաքականությունը այս հարցում' նշելով, որ իրենց կրոնն արգելում է «մարդու վաճառքը», սեռական շահագործումը:
Մենք գտնում ենք, որ մարդկային այս ճակատագրերի մասին պետք է իմանա տեղի ժողովուրդը, մանավանդ, որ կան բազմաթիվ փաստեր, երբ տեղացիները օգնել են ստրկության մեջ հայտնված կանանց վերադառնալ իրենց հայրենիք:
Դիմում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին' հանելու «Հետք» ինտերնետային թերթի կայքի վրա դրված արգելքը: Միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հատկապես լրագրողական' Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների վրա ազդելու, որպեսզի վերջիններս դադարեցնեն զտել ինտերնետը իրենց երկրի մասին քննադատական հոդվածներից եւ կայքերից:
«Հետք»-ի խմբագրակազմ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել