
Լրագրողները հրաժարվում են համագործակցել Կարեն Անդրեասյանի հետ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ հետ է վերցնում Մարդու իրավունքների պաշտպանի հետ ստորագրած համագործակցության հուշագրից իր ստորագրությունը: Հուշագիրը ստորագրվել էր անցած տարի մի քանի այլ ՀԿ-ների հետ միասին:
Մեր կազմակերպությունը, մասնավորապես, պաշտպանի գրասենյակի հետ համագործակցելու էր զինծառայողների իրավունքների պաշտպանության, բռնությունների խնդիրներով: Մենք փորձելու էինք օգտվել պաշտպանի գրասենյակի այն հնարավորություններից, որը մեզ հասանելի չէր:
Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնած Կարեն Անդրեասյանը չանցավ առաջին իսկ փորձությունը: Նա չարձագանքեց և որևէ պարզաբանում կամ վերաբերմունք չարտահայտեց ՊՆ քննչական ծառայության կողմից իմ նկատմամբ սկսած կեղծ հիմքերով արշավին, այն դեպքում, երբ պաշտպանի գրասենյակը կարող էր հստակեցնել այդ հարցը:
Իսկ մեր զրույցի ընթացքում պաշտպանը բացատրում էր, որ օրենքի տառն իր համար ավելին է, քան մարդու իրավունքը:
Օրենքներն ընդունվում և կիրառվում են մարդու համար և չեն կարող գործել ի վնաս մարդու: Պաշտպանի պարտականությունն է հետևել, որ չխախտվեն Աստծո կողմից մարդուն տրված իրավունքները նույնիսկ օրենքով, որոնք գրվում են մարդու ձեռքով:
Չի բացառվում, որ պաշտպանելով օրենքը՝ պաշտպանը պաշտպանում է հենց իրեն:
Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում այսօր աղետալի է, և խնդիրների նկատմամբ պաշտպանի այսպիսի մոտեցումը անհնարին է դարձնում մեր հետագա համագործակցությունը:
Ժաննա Ալեքսանյան,
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
Մեկնաբանել