HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողների հաշվին լավություն է արել «ՀայՌուսգազարդին»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿ) հանձնաժողովը էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց և սպառողների շահերը հավասարակշռելու, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները հստակեցնելու նպատակով իր 27.12.2006 թ. թիվ 358-Ն որոշմամբ հաստատել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները: Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի գիշերային զեղչ սակագներից օգտվելու համար բաժանորդի մոտ պետք է տեղակայված լինի բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչ:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի (ՎՊ) իրականացրած վերահսկողությամբ արձանագրվել է, որ միաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչ տեղադրելու համար սպառողը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պետք է իրականացնի կանխավճար 20 հազար դրամի չափով: Այդ որոշումն ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 27-ին, սակայն, ըստ ՎՊ-ի, անհրաժեշտ է վերանայել գումարի նշված մեծությունը` սպառողների համար սահմանելով ավելի մատչելի կանխավճարի չափ: Պալատի եզրակացության համաձայն` «Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերը միաֆազ բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու համար պահանջվող կանխավճարի նվազեցումը կարող է էապես խթանել սպառողների կողմից ինդուկցիոն հաշվիչները բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներով փոխարինելու գործընթացը, որը հնարավորություն կտա ավելի մեծ թվով սպառողների օգտվելու էլեկտրաէներգիայի գիշերային զեղչ սակագներից»:

Վերահսկողությամբ արձանագրվել է, որ ներկայումս բնական գազի սակագները տարբերակվում են ըստ սպառման ծավալների` ամսական մինչև 10000 խմ սպառողներ և ամսական 10000 խորանարդ մետր ու ավելի սպառողներ: Նշված տարբերակման հիմքում ընդունվել է այն սկզբունքը, որ խոշոր սպառողները հիմնականում բարձր և միջին ճնշման գազատարներից օգտվող բաժանորդներ են, իսկ փոքր սպառողները (այդ թվում` բնակիչները)` ցածր ճնշման գազատարներից օգտվողներ:

ՎՊ-ն, սակայն, արձանագրել է, որ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդը միաժամանակ նախատեսում է սակագների տարբերակում նաև ըստ սպառման ժամանակի: Ավելին. հիշյալ մեթոդը նախատեսում է, որ սպառողների խմբերը կարող են դասակարգվել նաև ըստ տնտեսության ոլորտների` բնակչություն (կենցաղային սպառողներ), ընդհանուր առևտրային սպառողներ, սեղմված բնական գազի մատակարարներ (ավտոգազալցակայաններ), ջերմային էլեկտրակայաններ, ջերմամատակարարում իրականացնողներ, խոշոր արդյունաբերական սպառողներ:

Բնականաբար, հարց է առաջանում` ՀԾԿ հանձնաժողովն ինչո՞ւ չի սահմանել գազի սպառման գիշերային սակագին, ինչո՞ւ մինչև այժմ չի օգտվել հաստատված մեթոդի ընձեռած հնարավորությունից և սպառողների խմբերը չի դասակարգել ըստ տնտեսության ոլորտների: Ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու առկա վիճակը:

Լիցենզավորված անձանց և սպառողների շահերը հավասարակշռելու, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները հստակեցնելու նպատակով հանձնաժողովը 2005 թ. հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատել է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները: Վերահսկողությամբ արձանագրվել է, որ, ի տարբերություն էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում նախատեսված չեն մատակարարի նկատմամբ կիրառվող տույժեր, որոնք մատակարարը պարտավոր է վճարել սպառողին` կանոններով նախատեսված պահանջները չկատարելու կամ խախտելու համար: Կարծում ենք` ակնհայտ է, որ ՀԾԿ հանձնաժողովը 2005 թ. հովանավորչական մոտեցում է դրսևորել «ՀայՌուսգազարդ» ընկերության նկատմամբ, և այդ սխալը դեռ չի ուղղել:

Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն` բնակչության ներտնային գազամատակարարման համակարգը պետք է ենթարկվի պարբերական տեխնիկական սպասարկման: Հանձնաժողովը 2005 թ. նոյեմբերի 1-ի թիվ 154-Ն որոշմամբ սահմանել է բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները` մեկ, երկու, երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների համար:

ՎՊ-ի վերահսկողությամբ արձանագրվել է, որ վերը նշված վճարները չեն վերանայվել սահմանման պահից ի վեր, մինչդեռ անցել է արդեն շուրջ 7 տարի: Այդ տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է բնական գազի սպառողների թվաքանակը, փոխվել են բազմաթիվ այլ գործոններ, որոնք, հիշյալ ՎՊ-ի հավաստմամբ, կարող են նվազեցնել բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները:

Անդրադառնալով հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառին` ՎՊ-ն արձանագրել է, որ ներկայումս կառուցվածքային փոփոխության է ենթարկվել միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկան, և միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների համար ընկերությունների կողմից առաջարկվում են հանձնաժողովի սահմանած սակագներից զգալիորեն ցածր սակագներ: Հետևաբար` անհրաժեշտ է, որ հանձնաժողովը վերանայի միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների վերաբերյալ իր որոշումները:

Փոստային կապի բնագավառում ՎՊ-ի վերահսկողությամբ արձանագրվել է, որ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման (վերանայման) գործառույթը հանձնաժողովին վերապահելուց ի վեր «Հայփոստ» ՓԲԸ-ն սակագների վերանայման հայտ չի ներկայացրել, իսկ հանձնաժողովն էլ իր որոշմամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագներ չի սահմանել: Արդյունքում` դեռ գործում են ՀՀ տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները` հաստատված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից դեռևս 2001 թ. դեկտեմբերի 28-ին:

Արձանագրվել է նաև, որ հանձնաժողովն ազգային օպերատորի («Հայփոստ» ՓԲԸ-ի) համար չի մշակել և սահմանել փոստային առաքման ծավալների վերաբերյալ հաշվետվությունների ձևեր և չի ստանում ընկերության կողմից առաքված` նամակագրական թղթակցության, փոստային ծանրոցների ու բեռնարկղերի, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների ծավալային և քանակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն, ինչն անհրաժեշտ է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման համար:

Վերահսկողությամբ արձանագրվել է, որ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարների կարգավորման գործառույթը հանձնաժողովին վերապահելուց ի վեր երկաթուղային տրանսպորտի գործունեության շուկա մուտք գործելու հայտ այլընտրանքային փոխադրողների կողմից չի ներկայացվել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է մնալ միակ փոխադրողը և օգտագործման վճարների սահմանման հայտ չի ներկայացրել հանձնաժողով, ինչի հետևանքով սահմանված չեն ենթակառուցվածքի օգտագործման վճարները: Սա, ամենայն հավանականությամբ, ձեռնտու է նշված ՓԲԸ-ին: Իսկ ՀԾԿ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ չէ՞ր կարող սահմանել ենթակառուցվածքների օգտագործման վճարները:

Արձանագրվել է նաև, որ հանձնաժողովը 2011 թ. նոյեմբերի դրությամբ դեռ չի հաստատել «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter