ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող ոստիկանը տեղյակ չէ՝ ինչ հանգամանքներում են սպանվել ոստիկանները

15:15, 12 սեպտեմբերի, 2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանը: Վերջինս, ըստ գործի նյութերի, ՊՊԾ գնդում պատանդ է պահվել: Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են գնդում սպանվել ոստիկանները:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը հայտարարել է, թե ոստիկան Գագիկ Մկրտչյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե Արմեն Բիլյանի, այլ Էդուարդ Գրիգորյանի կողմից պատահական արձակված կրակոցից, ու հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկան Մուրադյանին նման հանգամանք հայտնի է: Տուժողը նշեց, որ իրեն նման տվյալ հայտնի չէ:

Թե ով է կրակել Մկրտչյանի ուղղությամբ, ոստիկանը չգիտի, բայց դատարանին հայտնեց, որ նրան տեսել է արդեն վիրավորված: Ըստ ոստիկանի ցուցմունքի՝ Մկրտչյանի ձեռքը որովայնի շրջանում պահված է եղել, և ինքը արյուն է տեսել այդ շրջանում:

«Որովայնից արյուն էր հոսում, հենվեց պատին ասաց՝ վախ, մեռա»,- վիրավորված, ապա հիվանդանոցում օրեր անց մահացած Մկրտչյանի մասին պատմեց Խաչատուր Մուրադյանը:

Ոստիկանի խոսքով՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, իսկ Պավել Մանուկյանն իրեն անվանել է «անբարոյական»։ 

Տուժողը նշեց, որ փախուստի է դիմել ՊՊԾ գնդի հետնամասից։ Հիշեցնենք, որ դատարանում այսօր քննվում է ՊՊԾ գնդի տասը անդամի, այդ թվում՝ սպանության մեջ մեղադրվողների վերաբերյալ գործը: 

Այս պահին ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող անձանցից կալանքի տակ են գտնվում միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։