
Վազգենաշեն. երբ գյուղացին նախընտրում է օրավարձով աշխատել, քան մշակել սեփական հողը
Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուց աջ թեքվելուց և Բերդաշենն անցնելուց հետո հողե ճանապարհին, որը տանում է Վազգենաշեն գյուղը, առավոտյան կենդանի շունչ չկար: Դժվար էր տարբերել, թե ճանապարհի եզերքի դաշտերից որն է ցորենի, որը՝ արոտավայր: Երաշտից ամեն ինչ չորացել, գետնին է կպել:
Մինչ մեքենայից ճանապարհն էի ուսումնասիրում, ականջիս հասան գործընկերոջս խոսքերը, որ երբ իրենք 90-ականների վերջին ընտանիքով Չարենցավանից տեղափոխվել են այս կողմերը, բնակավայրը շրջապատված էր մրգատու ծառերի այգիներով, որտեղ երեխա ժամանակ կարելի էր հեշտությամբ կորչել:
Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղը (նախկինում` Ավդալ-Գյուլափլու) համայնքի կոչում ստացել է միայն 2001թ., այնինչ առաջին վերաբնակիչները բնակավայրում սկսել են հաստատվել զինադադարից անմիջապես հետո:
Ներկայում համայնքում ապրում է 310 բնակիչ: Ըստ համայնքի բուժակամանկաբարձական կետի վարիչ Մարետա Մելքոնյանի՝ այս տարի արդեն ունեցել են երկու ծնունդ և մինչև տարեվերջ սպասում են ևս երեքին: Ի տարբերություն անցած տարվա` այս տարի ծնունդների թիվը աճել է ընդամենը երկուսով:
Եվս մի քանի կիլոմետր տափաստան, և ահա առաջին ավերակը, որը ձեռքի տակ եղած շինանյութերից վեր են ածել գոմի: Վազգենաշենի (նախկին Ավդալի հատվածում) առաջին բնակիչները նույն շրջանի Հացի գյուղից տեղափոխված Բալայանների ընտանիքի անդամներ են:
90-ականներից մինչ այսօր Վազգենաշենի այդ հատվածում այդպես էլ ոչ ոք բնակություն չի հաստատել: Բալայանները պատերազմից հետո կանգուն մնացած երկու ավերակներից մեկը սեփական ուժերով գոմ են սարքել, իսկ մյուսը՝ տուն: Միշա Բալայանը արդեն մոտ 20 տարի ապրում է այդ տանը իր արդեն տարեց ծնողների հետ:
Միշան և մայրը` Դաարիկո Բալայանը |
Միշայի կինն ու երկու անչափահաս երեխաները ապրում են Հացի գյուղում: Բալայաններին արտաքին աշխարհի ու ընտանիքի` հարևան գյուղում ապրող մնացած անդամների հետ կապող օղակը հեռուստացույցն է (Էլեկտրականությունը 2-3 տարի առաջ սեփական ուժերով են անցկացրել), հեռախոսը և գյուղական ճանապարհներին հալումաշ եղած հին «Նիվա»-ն:
«Զինադադարից անմիջապես հետո, 5 ոչխար ու 2 կով վերցրած, եկել ենք ստեղ և սկսել անասնապահությամբ զբաղվել: Կամաց-կամաց շատացրել ենք, և ժամանակ ա եղել` մոտ 80 գլուխ կով ենք ունեցել: Հիմա միայն 47 գլուխ կով,18 ոչխար և 130 հավ ու հնդկահավ ունենք: Արդեն քանի տարի է, իրացումը շատ դժվար է: Շաբաթներով Ստեփանակերտի ու Մարտունու մսավաճառներին խնդրում ենք, որ միսն ընդունեն: Այնինչ մենք տարեկան 15-20 ցուլի իրացման խնդիր ունենք: Միակ լավ սեզոնը ամանորյա և այլ տոների նախօրեն է: Կաթի իրացումն էլ խնդիր ա դառել: Մինչև վերջերս գյուղում «Արցախկաթ»-ն ընդունման կետ ուներ, հանձնում էինք, էդ էլ փակեցին: Հիմա էս շոգին մինչև կաթն ամենամոտիկը շրջկենտրոն՝ Մարտունի, ես հասցնումՙ արդեն փչանում ա: Ճարներս կտրած` պանիր ենք անում, ինչն էլ սեզոնին կիլոն 1000 դրամից ավել չես վաճառի»,- ասում է Միշան:
Ֆերմերի խոսքով՝ գյուղի պայմանները բարենպաստ են անասնապահության համար, բայց վերջերս երաշտի պատճառով և խոտն է քիչ, և ջուրն է պակասել: Ամեն դեպքում ջրի հարցում Միշայի ընտանիքը դեռևս շահեկան վիճակում է: Նրանք մոտակայքում հոսող առվակից «ջուր են քաշել»: Իսկ ահա Ավդուռ գյուղից չոբանն ամեն օր հոտը ջրելու համար գալիս է Վազգենաշեն (Ավդալի մասը):
Գյուղատնտեսություն առանց ջրի
Արցախում վերջին մի քանի տարիների երաշտից բացի մի շարք համայնքներում իրավիճակը ավելի է բարդացնում ոռոգման և խմելու ջրի քչությունը, որոշ դեպքերում էլ` դրանց իսպառ բացակայությունը: Վազգենաշենը բացառություն չէ: Ոռոգման ջուր, ըստ գյուղացիների, երբեք էլ չեն ունեցել: Խմելու ջրի հետ խնդիրներն էլ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Շահեն Պողոսյանի խոսքով, սկսվել են հինգ տարի առաջ: Այս տարի 900 հա դաշտից երաշտի պատճառով բերք չկար:
Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա այսօր բնակիչներն օրական երկու անգամ են ջուր ունենում, առավոտյան` մեկ ժամով, իսկ երեկոյան՝ 40 րոպեով: Այդ ժամանակն էլ, ըստ Շահեն Պողոսյանի, պայմանական է` կախված նրանից, թե տունը որքան է հեռու ջրամբարից:
Ռուբեն Ռամազյանը բազմանդամ ընտանիքի հայր է: Երեք տարի առաջ տնամերձ հողատարածքում նռան այգի է հիմնել: Այսօր 610 նռան տնկիները Ռուբեն պապը թոռների հետ դույլերով է ջրում:
Ռուբեն Ռամազյանի նորատունկ նռան այգին |
«Մոտակա առուներից մեկից իմ ուժերով ջուրը հասցրել եմ բակ, որ գոնե բանջարանոցը մշակենք, բայց ջրի ճնշումը էնքան թույլ ա, որ նռան այգի չի հասնում: Ինչ արած, արդեն երկրորդ տարին է, ինչ դույլերով ենք ջրում, ափսոս ա, ծառերը չչորանան»,- ասում է նա:
Խնդիրը լուծելու համար վերջերս մաքրել են դեռ խորհրդային տարիներից մնացած արտեզյան ջրհորերից մեկը, բայց եղանակների տաքացման պատճառով ջուրը դարձյալ պակասել է:
Ջրի պակասի պատճառով գյուղացիների մեծ մասը սեփական հողը մշակելու փոխարեն նախընտրում է օրավարձով աշխատել հարևան գյուղացիների համար: Սեզոնին, Վազգենաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Շահեն Պողոսյանի խոսքով, 60-70 հոգի օրական 5000 դրամով աշխատում են շրջանի տարբեր բնակավայրերի դաշտերում ու այգիներում:
Մոտ 8-9 ընտանիքի տղամարդիկ էլ խոպան են գնացել արտերկիր, որոնց ընտանիքների մի մասն էլ Վազգենաշենից հետ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:
Սիրիահայերը Վազգենաշենում
Մինչև Սիրիայի վերջին դեպքերը, երբ բավական թվով սիրահայեր հաստատվեցին ՀՀ-ում և Արցախում, 4 սիրիահայ ընտանիքներ Վազգենաշենում հաստատվել էին դեռ 2000-ականներին: Այսօր նրանցից միայն մեկ ընտանիք է մնացել:Մեկը Սիրիա է վերադարձել, մյուս երկուսն էլ` Հայաստան:
Նախկին զինվորական Եսայի Ջուրյանը կնոջ հետ Քեսաբից Վազգենաշեն է տեղափոխվել 2001թ: Եսային հիշում է, որ այն ժամանակ, երբ ինքը մտադրվեց հաստատվել հայրենիքում, մի օդանավի գնով կարելի էր տուն գնել Հայաստանում, բայց ինքը նախընտրեց պայքարած Արցախի հողում հաստատվել:
«Մեր այստեղ գալու միակ նպատակը մի ավերակ կարգի բերելն էր ու այստեղի մարդկանց հետ ուրախությունն ու տխրությունը կիսելը»,- ասում է սիրիահայ Եսային: |
Մնացածների պես իրենք էլ հողագործությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում: Երաշտի պատճառով բերք չկար, և եղած անասունները վաճառեց` վնասները փակելու համար: Վերջերս էլ սրտի վիրահատությունից հետո այլևս անկարող է ծանր գործ անել:
«Հիմա էլ ջուր չկա, որ գոնե տնամերձը մշակենք: Տարիներ առաջ տնկած ծառերը չորանում են: Ողջ ունեցվածքս 1 կով է, 2 խոզ և 15 հավ: Դրանից ստացված եկամուտով էլ յոլա ենք գնում, չենք բողոքում»,- ասում է նա:
Չնայած դժվարություններին` Սիրիա վերադառնալու մասին խոսք անգամ չկա. Եսային ասում է, որ, այո, Քեսաբն իր ծննդավայրն է, բայց այն Հայաստանի մեջ չէ:
Մեկնաբանել