HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բանավեճ ԲՀԿ-ականների և ԼՀԿ-ականների միջև՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պատճառով

Խորհրդարանում շարունակվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության ելույթների ժամանակ բանավեճ սկսվեց:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատում էր նախորդ իշխանություններին դիվանագետների նշանակման հարցում: Բաբաջանյանն անդրադարձավ մի շարք դեսպանների նշանակմանը, այդ թվում Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին, որի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:

«Ամենախնդրահարույց նշանակումը թերևս եղել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նշանակումը: Նա, ըստ ուկրաինացի դիվանագետների, զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական համարանիշներ ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով»,- ասել էր Բաբաջանյանը և այլ մեղադրանքներ հնչեցրել նախկին դեսպանի հասցեին:

Այս խոսքերից հետո նախկին դեսպանի որդին, աղմուկով փակելով նիստերի դահլիճի դուռը, դուրս եկավ դահլիճից:

Նախկին դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը, որն այժմ ԲՀԿ խմբակցության քարտուղարն է, արձագանքեց այս ելույթին՝ նկատելով, որ Արման Բաբաջանյանի հնչեցրած մտքերը ադրբեջանական պրոպագանդայի շնորհիվ են հայտնվել հայկական մամուլում, ուստի իր համար զարմանալի է, թե ինչ նպատակով է Բաբաջանյանը նման ելույթ ունենում:

«Բոլոր արտահայտությունները, որ եղան նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացահայտ սուտ էին: Ոչ մի օր չի եղել, որ պարոն Մանուկյանը չծառայի իր հայրենիքին»,- ասաց նա:

Արման Աբովյանն իր ելույթի ժամանակ հեգնեց նաև ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին, երբ նայելով նրան ասաց, թե վերջինս անընդհատ ժպտում է, երևի անունը ժպիտ է:

Երբ Աբովյանն ասաց, որ ԼՀ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը զրպարտում է նախկին դեսպանին, ԼՀ-ից սկսեցին տեղից արձագանքել, նրանց հետ սկսեցին բանավիճել ԲՀԿ-ականները: Էդմոն Մարուքյանը կանգնել էր և ձեռքն ուղղել դեպի ԲՀԿ-ականները, իսկ ԲՀԿ-ից մի քանի պատգամավորներ գրեթե հասել էին Մարուքյանի մոտ և շարունակում էին ինչ-որ բաներ ասել, այդ թվում՝ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը:

«Էս կարո՞ղ ա հին Հայաստանն ա»,- լսվեց Մարուքյանի ռեպլիկը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ էր անում դալիճում պահպանել լռություն, սակայն թե՛ ԲՀԿ-ականները, թե՛ ԼՀԿ-ականները գոռգոռում էին: Բանավիճողներին փորձում էին հանդարտեցնել Նաիրա Զոհրաբյանն ու Մանե Թանդիլյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հեռախոսն ականջին դուրս եկավ նիստերի դահլիճից: Տեղեկացնենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարան չի եկել:

Արարատ Միրզոյանը կոչ արեց հարգել խորհրդարանին ու նախագահությանը և ասելիքը ներկայացնել հերթագրվելով և ելույթ ունենալով:

Լուսավոր-Բարգավաճ բանավեճը նոր էր ավարտվել, երբ Աբովյանի ելույթի ժամանակ սկսեց տեղից խոսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նրա ձայնը լսելի չէր: Արման Աբովյանը պահանջեց, որ պատգամավորն իրեն չընդհատի: «Իրավունք չունեք ուղղորդեք ինձ, թե ինչ եմ խոսելու, խնդրում եմ ինձ մի ընդհատեք»,- ասաց Աբովյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց պատգամավորին գրանցվել ու ելույթ ունենալ:

Այնուհետև ելույթ ունեցավ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով չշարունակել նախորդ խորհրդարանի բարքերը և չբանավիճել ելույթ ունեցող պատգամավորին զուգահեռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter