HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՄԻԵԴ բողոք ներկայացնեն նրա քաղբանտարկյալ լինելու հարցով

Կախված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի ընթացքից՝ հնարավոր է, որ նրա պաշտպանները երրորդ բողոքը ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Քոչարյանի գործով նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը:

Բողոքն անհրաժեշտության դեպքում կներկայացվի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի հիմքով: Ըստ այդ հոդվածի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, ինչի համար դրանք նախատեսված են:

Խոսքն, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է:

«Միջազգային մի շարք կառույցների կողմից քաղբանտարկյալի վերաբերյալ տված սահմանումները վերաբերվում է նաև պարոն Քոչարանին»,- ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանի խոսքով՝ Հայաստանի դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում: «Այստեղ վեր ենք հանում իրավական խախտումները, որոնք մշակման փուլում են: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը իհարկե կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև գործի ընթացքը»,- ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը տեղակացրեց, որ իրենք քննարկում են Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր իրավաբանների և իրավաբանական կառույցների դիրքորոշումները ևս բողոքում ներառելու հարցը:

«Այս պահին քննարկումների մեջ ենք Ֆրանսիայի և Ռուսաստանի իրավական դոկտորների հետ, որոնց կողմից Քոչարյանին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել»,- ասաց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ էր արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Դատարանն այժմ քննում է նրա կալանքի ժամկետը երկարացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու երկու միջնորդությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter