
«Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
Հայաստանի գլխավոր օդային դարպասների՝ «Զվարթնոց» օդանավակայանի հիմնական արտադրական ցուցանիշներն անցյալ տարի աճել են նախորդ տարիների համեմատ՝ բացառությամբ բեռնափոխադրման:
2018 թվականի ընթացքում «Զվարթնոցով» մեկնել ու ժամանել է ընդհանուր 2.690.727 ուղեւոր: Համեմատության համար ասենք, որ 2017-ին այս թիվը կազմել է 2.448.250, իսկ 2016-ին՝ 2.105.540 ուղեւոր:
Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ 2013-ից այս կողմ աճի շարունակական ընթացքը «խափանվել է» միայն 2015-ին, երբ օդանավակայանը չի կարողացել անցնել 2 մլն ուղեւորի շեմը, ինչպես եղել էր դրա նախորդ տարում:
Ամսական կտրվածքով «Զվարթնոցում» ավանդաբար լավագույն ցուցանիշը գրանցվում է օգոստոսին, որը տուրիստական սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածն է: 2018-ի օգոստոսին «Զվարթնոցից» օգտվել է շուրջ 330 հազար ուղեւոր, ինչը կտրուկ 50 հազարով ավելին է 2017-ի օգոստոս ամսվա ցուցանիշից: Ինֆոգրաֆիկայում տեսնում ենք նաեւ, որ տարվա ամենապասիվ ամիսը փետրվարն է:
2018-ին «Զվարթնոցով» առաքվել եւ ընդունվել է շուրջ 18 հազար տոննա բեռ, սակայն 2016-2017 թթ. ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել:
Ի տարբերություն ուղեւորափոխադրման՝ բեռնափոխադրման ոլորտում որեւէ օրինաչափություն չի գործում: Այսինքն՝ չկա սեզոնայնություն, տատանումները կտրուկ են: Այդուհանդերձ, նկատելի է, որ ինչպես 2017-ին, այնպես էլ նախորդ տարի համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել ապրիլ եւ օգոստոս ամիսներին: 2018-ին, ի տարբերություն նախորդ տարիների, շատ բեռներ են փոխադրվել նաեւ հոկտեմբերին:
Ինչ վերաբերում է թռիչք-վայրէջքներին, ապա այստեղ նույնպես աճ կա, չնայած պետք է ասել, որ եթե 2014-ին «Զվարթնոցում» կատարվել է ավելի քան 10 հազար թռիչք-վայրէջք, ապա 2015-2016 թթ. դրա համեմատ աճի փոխարեն գրանցվել է անկում:
Ամենաակտիվ ամիսը, բնականաբար, եղել է օգոստոսը, երբ կատարվել է 1204 թռիչք-վայրէջք, իսկ ահա փետրվարին գրանցվել է դրա գրեթե կեսը՝ 684:
Հաջորդ հոդվածում կանդրադառնանք «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներին:
Մեկնաբանել