
Հայկ Սարգսյանի խոսքով՝ Պրահայում ձերբակալված եղբայրը ընտիր պայմաններում է պահվում
Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում ձերբակալված իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ: Այս մասին իր դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց Հայկ Սարգսյանը:
Լրագրողների հարցին՝ եղբայրը ի՞նչ պայմաններում է պահվում, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ընտիր: Հարցին՝ ինչ դժգոհություններ է ներկայացրել, Սարգսյանը պատասխանեց՝ ոչ մի:
Նշենք, որ այսօր Հայկ Սարգսյանի գործի քննությունը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ:
Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը 2007 թվականի ապրիլի 1-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում հրազենային վնասվածք է ստացել Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։
Միջադեպից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, թե իր վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, և դա եղել է անփութության հետևանք: Դրանից հետո քրեական գործի վարույթը կարճվել է:
Վերջերս Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու հայտնել, որ Հայկ Սարգսյանն է պատճառել իր վնասվածքը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով` գործը վերաբացվել է:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, որը փոխվել է 50 մլն դրամ գրավով:
Լուսանկարում՝ Հայկ Սարգսյանը
Մեկնաբանել