
32 տարում 37 մլն մոմ պատրաստած գործիքը՝ Թեհրանի հայոց ազգային թանգարանում
Թորգոմ Յունեսյանը Թեհրանի հայկական եկեղեցիներին 32 տարի մոմ է մատակարարել: Նա այդ տարիների ընթացքում իր գործիքով 37 մլն 373 հազար 500 մոմ է պատրաստել:
Թորգոմ Յունեսյանն այդ աշխատանքը սկսել է 1975 թվականի հունվարի 19-ից և շարունակել մինչ կյանքի վերջ. մահվանից մեկ տարի առաջ է դադարել զբաղվել այդ աշխատանքով:
Թորգոմը մոմը պատրաստել է մեղրամոմից, պարաֆինից և հատուկ պոլիմերներից և կանոնավոր կերպով անձամբ հանձնել է Թեհրանի հայկական եկեղեցիների լսարաններին ու պատասխանատուներին:
Թորգոմ Յունեսյանը 2008 թվականին մահացել է` 73 տարեկանում: Հենց այդ թվականին էլ Թեհրանում բացվել է Արտակ Մանուկյանի անվան հայոց ազգային թանգարանը: (Արտակ Ս. արք. Մանուկյանը 1969-ից ինչև 1990թ. Թեհրանի թեմի առաջնորդն է եղել):
Թորգոմի մոմապատրաստման գործիքը պահպանվել է և այսօր ներկայացված է Թեհրանի Արտակ Մանուկյանի անվան հայոց ազգային թանգարանում:
Թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանն ասում է, որ շատ տեղեկություններ չեն պահպանվել մոմ պատրաստողի մասին: Կցկտուր տեղեկությունները հասել են ընտանիքի անդամներից, որոնք հեռացել են Թեհրանից:
Երբ թանգարանը բացելու նախապատրաստական աշխատանքներ են ընթացել, հայտարարել են, որ ով ինչ հնություն կամ արժեքավոր իր ունի, թող բերի: Թորգոմ Յունեսյանի կինն էլ եկել, առաջարկել է, եթե թանգարանի համար գտնեն, թող վերցնեն ամուսնու մոմապատրաստման գործիքը: Առավել ևս, իրենք պատրաստվել են մեկնել Միացյալ Նահանգներ: Այսպես՝ մոմ պատրաստելու գործիքը հայտնվել է թանգարանի նմուշների տեսանելի վայրում:
Սկզբից նմուշները քիչ են եղել: Տնօրեն Շահմուրադյանն ասում է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում 200 գույք է ավելացվել: Նմուշ նվիրաբերողները հետագայում պարբերաբար այցելում են թանգարան՝ տեսնելու, թե ինչպես է պահպանվել իրենց հոր կամ հարազատի իրը: Ուրախանում են, երբ գտնում են նմուշը՝ պահպանված և թանգարանում պատվավոր տեղերից մեկը զբաղեցնելիս:
Թանգարանը գործում է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի ներքո: Այն փոքրիկ հավաքածու է ներկայացնում` Իրանում ապրող հայերի պատմության, մշակույթի և սովորույթների մասին:
Արտակ Մանուկյանի անվան թանգարանն Ամանորին հատկապես մարդաշատ է, որովհետև պարսիկ հյուրեր շատ են լինում: «Մենք փորձում ենք թանգարանը փակ չպահել: Մի փոքր առաջ պետական թանգարանի տնօրինությունն էր այստեղ, գալիս են, շնորհավորում են: Քաղաքապետարանից են գալիս»,- ասում է Ալիս Շահմուրադյանը:
Այս թանգարանը նաև Իրանի կառավարության ուշադրության կենտրոնում է: Եթե օտարերկրյա հյուրեր են ունենում, անպայման բերում են` ցուցադրելու հայերի` որպես ազգային փոքրամասնության ներկայացվածությունն Իրանում: Այդ թանգարանի նմուշներից հաճախ ազգային թանգարան կամ Իրանի այլ թանգարաններ են տանում, որպեսզի ցույց տան, որ քրիստոնյա ժողովուրդը նույնպես մշակույթ ունի Իրանում:
«Պարծենում են հայերով, որ Իրանի նման երկրում մի հատ փոքրամասնություն կարողացել է սենց թանգարան դասավորել: Երեք ամիս առաջ հավաք կար` 37 երկրից մարդ կար, 100 անդամով այցելության եկան՝ լրագրողներ, դասախոսներ, տեսնեիք՝ ինչպես էր լցված մեր թանգարանը»,- հիշում է տնօրենը:
1000 այցելու միայն Իրանի Ամանորին՝ Նովրուզին են ունենում: «Այդ տոն օրերը մեզի շատ-շատ է օգնում: Մեր դռնապանը հազիվ է դուռը պահում»,- պատմում է տնօրենը:
Այցելուների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, պայմանավորված է այլ ազգով նրանց հետաքրքրասիրությամբ: Բացի դրանից, թանգարանն այնպիսի փողոցում է, որտեղ կրոնական տարբեր կոթողներ են հանգրվանել: Դիմացը զրադաշտների աղոթատեղին է: Մի փոքր վերևում՝ հրեաների, կողքը՝ պարսիկների մզկիթն է, ավելի վերև ընկած տարածքում երկու թանգարան կա, ու հետո էլ Իրանի ազգային թանգարանն է:
«Այս փողոցին ասում են «հոգևոր փողոց»: Եթե այցելություններն առավոտյան սկսում են մեզ մոտից, ավարտում են պետական թանգարանով, որտեղ նաև ճաշելու տեղ կա: Կամ էլ էնտեղից են սկսում, մեզ մոտ վերջացնում, մեր կողքն էլ՝ քյաբաբի տեղ կա: Այս փողոցը շատ է ճանաչված, և որ մեկն էլ գալիս է, անպայման այցելում է մեզ»,- ամփոփում է Ալիս Շահմուրադյանը:
Մեկնաբանել