HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուբեն Ռուբինյան. «Դիվանագիտությունը չի սիրում կտրուկ և չհաշվարկված քայլեր՝ ներառյալ դեսպանների նշանակման և հետկանչման հարցում»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ նախորդ իշխանությունների պաշտոնավարման շրջանից կլինեն դեսպաններ, որոնք կշարունակեն պաշտոնավարել նաև հիմա: Մեր դիտարկմանը, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ վերջինս «չլսելու է տվել» և չի արձագանքել պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր գործող դեսպաններին, օրինակ՝ Վրաստանում ՀՀ դեսպանին, Ռուբեն Ռուբինյանն ասաց.

«Թավշյա հեղափոխությունից հետո անընդհատ խոսակցություն կար, թե ինչու այս դեսպանը հետ չի կանչվում, այն դեսպանը հետ չի կանչվում, բայց ժամանակը և փորձը ցույց տվեցին, ինչը մենք հայտարարել էինք, որ դեսպանների նշանակման տրամաբանությունը պետք է փոխվի: Դեսպանները պետք է լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ, մեր գործունեությունը ցույց տվեց, որ հենց այդ տրամաբանությամբ էինք գործում, իսկ ընդհանրապես դիվանագիտությունը չի սիրում կտրուկ և չհաշվարկված քայլեր՝ ներառյալ դեսպանների նշանակման և հետկանչման հարցում, բայց փիլիսոփայությունն այնպիսին է, ինչպիսին մենք հայտարարել ենք, և դա մշտապես արտահայտվելու է դեսպանների նշանակման հարցում»:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը քննադատել էր նախորդ իշխանություններին՝ քրեական հեղինակությամբ հայտնի անձանց դեսպաններ նշանակելու հարցում և մտավախություն էր հայտնել, որ նոր իշխանություններն այդ հարցում կշարունակեն «Քոչարյան-Օսկանյան» տանդեմը:

Մեր հիշեցմանը, որ վարչապետը հայտարարել է, թե քաղաքական նշանակումներ դիվանագիտության մեջ չպետք է լինեն, և նման դեսպանները հետ են կանչվելու, Ռուբինյանն արձագանքեց, որ վարչապետը հայտարարել է իր և քաղաքական թիմի պատկերացման մասին, թե ինչ տրամաբանությամբ պետք է նշանակվեն և պաշտոնավարեն ՀՀ դեսպանները:

«ԱԳՆ-ում վերջին ամիսների փոփոխությունները դրա վկայությունն են, և ես չեմ կարծում, որ արդար կլինի մեզ մեղադրել, թե մենք բավանաչափ փոփոխություններ չենք իրականացրել մեր իսկ նախանշած փիլիսոփայության շրջանակում»,- ասաց Ռուբինյանը:

Հետաքրքրվեցինք, թե Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հետ է կանչվելու արդյոք, Ռուբեն Ռուբինյանն այդպես էլ չպատասխանեց.

«Կան դեսպաններ, որոնք շարունակում են պաշտոնավարել, կան դեսպաններ, որոնք արդեն հետ են կանչվել, և կան դեսպաններ, որոնք հետ են կանչվելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։