HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հարկային եկամուտները 2018 թվականին երկնիշ աճ են գրանցել

Հայաստանում հարկերի հաշվառման և մեթոդաբանության առումով 2018 թվականը համարվում է անցումային տարի։ 2018թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ փոփոխվել է նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանությունը։

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, ներմուծվել է նոր գործիք՝ գանձապետական միասնական հաշիվը։

Մինչև 2018 թվականը պետական բյուջեի հարկային եկամուտ է բնորոշվել փաստացի պետական բյուջե վճարված հարկերի հանրագումարը՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները (ավելացված արժեքի հարկ, եկամտային հարկ և այլն), այսինքն՝ հարկերի զուտ ներհոսքը։

Իսկ 2018 թվականի հունվար 1-ից հարկային եկամուտ է բնորոշվում զուտ ներհոսքը, բայց միայն այնքանով, որքանով դրա դիմաց ներկայացված է հարկային հաշվարկ։ Այսինքն՝ պետական բյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումար՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնց դիմաց ներկայացվել է հարկային հաշվարկ կամ ստուգման ակտ (այսինքն՝ մարված հարկային պարտավորությունն է համարվում հարկային եկամուտ)։

Նախորդ մեթոդաբանությամբ հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 306.3 մլրդ դրամ

Ի սկզբանե 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված էր ապահովել 1 տրլն 248.5 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Տարվա ընթացքում կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվեց և դարձավ մոտ 1 տրլն 262 մլրդ դրամ։ Եվ տարեկան փաստացի արդյունքներով՝ հարկային եկամուտների ծավալը 2018 թվականին կազմել է 1 տրլն 306.3 մլրդ դրամ։ Այսինքն՝ ճշտված պլանի համեմատ՝ 3.5 %-ով ավելի շատ հարկ է հավաքագրվել։

2017 թվականի համեմատ՝ հարկային եկամուտներն աճել են 165.3 մլրդ դրամով կամ 14.5 %-ով։

Ինֆոգրաֆիկայում հարկային եկամուտների ցուցանիշներն են վերջին 6 տարիների կտրվածքով։ Տվյալները տրամադրել է Պետական եկամուտների կոմիտեն։

Ցուցանիշները ներկայացված են մլրդ դրամով։

2018 թվականին ընդհանուր առմամբ հավաքագրվել են 1 տրլն 403.3 մլրդ դրամի հարկեր, որից 1 տրլն 68 մլրդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, 335.3  մլրդ դրամը՝ մաքսային։ Նույն ընթացքում հարկ վճարողներին է վերադարձվել 97 մլրդ դրամ։

Նոր մեթոդաբանությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 258 մլրդ դրամ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նաև հարկային եկամուտների ծավալը՝ հաշվարկված նոր մեթոդաբանությամբ։ Ըստ դրա՝ հարկերը կազմել են 1 տրլն 257.9 մլրդ դրամ։  

2017 թվականի համեմատ՝ հարկային եկամուտները, եթե համեմատում ենք նոր մեթոդաբանությամբ ստացվող համադրելի թվի հետ, աճել են մոտ 140 մլրդ դրամով կամ 12.5 %-ով։

Ինչ վերաբերում է գերավճարներին, ապա ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերավճարները կազմել են մոտ 133 մլրդ դրամ, իսկ տարվա վերջում՝ մոտ 70 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter