HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան 2018 թվականին աճել է 71.2 %-ով

2018 թվականին Հայաստան է ներմուծվել 67 255 հատ ավտոմեքենա։ Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալները, 2017 թվականի համեմատ՝ ավտոմեքենաների ներմուծումն աճել է 27 973 հատով կամ 71.2 %-ով։

Ներմուծման աճը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պայմանավորեց երկու հանգամանքով։ Առաջինը՝ մաքսային վճարները հաշվարկելիս հաշիվ-ապրանքագրերի (ինվոյս) կիրառումն է։ Այսինքն՝ հաճախակիացել են դեպքերը, երբ ավտոմեքենան մասքազերծելիս հիմքում դրվում են ոչ թե մաքսային ծառայությունների կողմից ներկայացվող հսկիչ գները, այլ՝ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը։

Մյուս հանգամանքն էլ, ըստ ՊԵԿ նախագահի, այն է, որ ի տարբերություն ԵԱՏՄ որոշ երկրների, օրինակ՝ Ղազախստանի, ավտոմեքենա ներմուծելը Հայաստանում ավելի շահավետ է ներմուծողի համար։ «Հայաստանում մաքսազերծման ժամանակ ավելի քիչ գումար է վճարում ներմուծողը, քան Ղազախստանում։ Ավտոմեքենան բերում են Հայաստան, այստեղ մաքսազերծում, հետո տեղափոխում իրենց երկիր»,- ասաց Դ. Անանյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ ներսում ապրանքները տեղափոխվում են, ոչ թե՝ արտահանվում կամ ներմուծվում։

Հարցին՝ կա՞ն տվյալներ, թե ներմուծվող մեքենաների ո՞ր մասն է մնում Հայաստանում և ո՞ր մասը տեղափոխվում ԵԱՏՄ այլ երկիր, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ նման տվյալներ այս պահին չունի։

2018 թվականին մաքսային մարմինների կողմից ավտոմեքենաների ներմուծումից կատարված գանձումները, ըստ ՊԵԿ տվյալների, 2017 թվականի համեմատ, 46.2 %-ով աճել է։

«Հատկանշական է, որ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2018 թ. ընթացքում կազմել է մոտ 582 հազ. դրամ` 2017թ. ընթացքում գանձված 681 հազ. դրամի փոխարեն:  

Ինչպես նաևեթե դիտարկենք 2018 թվականի առաջին և երկրորդ կիսամյակները, ապա կտեսնենք, որ առաջին կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է մոտ 676 հազ. դրամ, այնինչ երկրորդ կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է մոտ 512 հազ. դրամ: Վերջինս փաստում է, որ մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. երկրորդ կիսամյակում առաջին կիսամյակի համեմատ պակասել է 23.3 %-ով»,- ավտոմեքենաների ներմուծման տվյալները ներկայացրեց ՊԵԿ նախագահը։

Հայաստան ավտոմեքենաներ են ներմուծվում հիմնականում Վրաստանից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից։ Այդ մեքենաները մեծ մասամբ գերմանական են, ճապոնական, ամերիկյան ու կորեական։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ այսօր ավտոմեքենաների ներմուծման ժամանակ մաքսային աշխատակիցները մեքենաները գնահատելիս հիմք են ընդունում հաշիվ ապրանքագրում նշված գինը, եթե տվյալ փաստաթուղթը համարում են արժանահավատ։ Մյուս դեպքերի համար կիրառում են հսկիչ գները, այսինքն՝ այն գնով, որը իրենք են գնահատում։ Իսկ եթե ավտոմեքենան ձեռք է բերվել աճուրդում, կամ այն վթարված է և ոչ լավ տեխնիկական վիճակում, ապա այն գնահատում են Մաքսային ծառայության փորձագետները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter