HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական բյուջեի միջոցների հաշվին ամենախոշոր պայմանագրերը կնքվել են նույն ընկերությունների հետ

Արդեն երրորդ տարին է՝ պետական բյուջեի միջոցների հաշվին ամենախոշոր պայմանագրերը կնքվում են «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ», «Արփա-Սևան» ընկերությունների հետ։

«Հետք»-ը 2017 թվականից սկսած՝ դիտարկում է պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերը՝ արձանագրելով, որ 2016-2018 թվականներին ամենախոշոր պայմանագրեր կնքած ընկերություններում փոփոխություններ չեն կատարվել։

Մենք դիտարկել ենք մեկ գործարքով պետական բյուջեի միջոցների հաշվին կնքված խոշոր պայմանագրերը։ Ինչպես 2016, 2017 թվականներին, այդպես էլ նախորդ տարի պետական բյուջեի միջոցների հաշվին հինգ խոշոր պայմանագրերը կնքվել են «Ֆլեշ», «Էյէմփիջի գրուպ», «Արփա-Սևան» ընկերությունների հետ։

Այս ընկերությունների սեփականատերերը պատահական մարդիկ չեն:

2018 թվականի ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Ֆլեշ» ընկերության հետ։ Այս ընկերությունը հանդիսանում է պետական մարմինների հետ ամենախոշոր պայմանագրեր կնքող տնտեսվարողը։ Այն կառավարությանն ու դրան առընթեր մարմիններին դիզելային վառելիք և բենզին մատակարարող հիմնական ընկերությունն է։

2018-ի ամենախոշոր հինգ պայմանագրերից երկուսը «Ֆլեշ»-ի հետ է կնքվել, երկուսն էլ՝ պաշտպանության նախարարության կողմից։ Նախորդ տարվա մայիսին կնքված մի պայմանագրով ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է «Պրեմիում» և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին, ամառային և ձմեռային դիզվառելիք։ Այս պայմանագիրը պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 միլիարդ 527 միլիոն դրամ։

Դրանից ամիսներ անց ՊՆ-ն «Ֆլեշ»-ից կրկին դիզելային վառելիք և «Ռեգուլյար» տեսակի ավտոբենզին է գնել՝ ընկերությանը փոխանցելով 1 մլրդ 882 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս երկու պայմանագրով «Ֆլեշ»-ը պետական բյուջեից ստացել է 6 միլիարդ 400 միլիոն դրամ կամ մոտ 13 միլիոն դոլար։

Նշենք, որ «Ֆլեշ» ընկերությունը 2016թ.-ին և 2017թ.-ին ևս պետական բյուջեից ամենաշատ գումար ստացած և խոշոր պայմանագիր կնքած ընկերությունն է․ 2016 թվականին կնքած ամենախոշոր միայն մեկ պայմանագրով ընկերությունը պետբյուջեից ստացել է 2 միլիարդ 342 միլիոն դրամ, իսկ 2017թ.-ին՝ 1 միլիարդ 864 միլիոն դրամ։ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերոջը։

Հաջորդիվ, 2018 թվականից հինգ խոշոր գործարքներից երկուսը կնքվել է Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ընկերության հետ։ Գործարքները այս ընկերության հետ կնքել է պետական եկամուտների կոմիտեն, որի համար «Էյէմփիջի գրուպ»-ը հանդիսանում է խոշոր մատակարար։

2018-ին ՊԵԿ-ը միայն երկու պայմանագրով այս ընկերությանը փոխանցել է մոտ 4,8 միլիարդ դրամ։ 3 միլիարդ դրամ մի պայմանագրով ՊԵԿ-ը այս ընկերությունից ձեռք է բերել «Ալկոհոլային խմիչք» և «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշ։

Իսկ օգոստոսին «Էյէմփիջի գրուպ»-ի հետ կրկին նույն ծառայության մատուցման համար կնքվել է 1 միլիարդ 872 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր։ Դրանով ընկերությունը պարտավորվել է տպագրել 400 միլիոն հատ դրոշմապիտակ և 100 միլիոն հատ «Ծխախոտ» տեսակի ակցիզային դրոշմանիշ։

Նշենք, որ այս ընկերության հետ նախորդ երկու տարիներին՝ 2016-2017-ին ևս կնքվել է ամենախոշոր պայմանագիրը․ վերջինս 2016 թվականին պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 891 միլիոն դրամ, իսկ 2017-ին՝ 1 միլիարդ 411 միլիոն դրամ։

2018-ի հինգերորդ խոշոր պայմանագիրը կնքվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ։ Այդ պայմանագրով ընկերությունը 1 միլիարդ 575 միլիոն դրամ է ստացել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից՝ Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Նույն աշխատանքների իրականացման համար այս ընկերությանը 2017 թվականին փոխանցվել էր 1 միլիարդ 873 միլիոն դրամ, որը այդ տարվա ամենախոշոր պայմանագիրն էր։

Լուսանկարում (ձախից աջ)՝ Բարսեղ Բեգլարյանը, Ալբերտ Թառոյանը, Հակոբ Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter