HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագծային անճշտությունների պատճառով Ալավերդիի վարչական տարածքում արդեն 8-րդ ամիսն է՝ ձախողվում է Մ-6 միջպետական ճանապարհի վերանորոգումը

Հունվարի 10-ին Ալավերդի համայնքի ավագանին հանդիպման էր հրավիրել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի լոտ-1 և լոտ-2 տեղամասերի ղեկավարներ Կորյուն Հարությունյանին և Դավիթ Ազատյանին.

«Ուզում ենք իմանալ՝ ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ են ավարտվելու: Մենք ճանապարհի Ալավերդու Սանահին կայարանային թաղամասից մինչև Էնգելս թաղամաս՝ անանցանելիության խնդիր ունենք: Մի՞թե հնարավոր չէ ժամանակավոր գոնե շիբովկա անել ճանապարհի այդ հատվածը»,-լոտ-2 տեղամասի պետ Դավիթ Ազատյանին հարցրեց ավագանու անդամ Արմեն Կարապետյանը:

Ավագանու մեկ այլ անդամ Արտուշ Աբելյանին էլ հետաքրքրեց, թե ինչու է ժամանակից շուտ քանդվել վերանորոգման ենթակա ճանապարհը: Դավիթ Ազատյանը ավագանուն հայտնեց, որ իր տեղամասում քանդված ճանապարհները թույլ չի տվել վերանորոգել միջպետական ճանապարհի որակի տեխհսկող «Սաֆեջ և Իբսան» համատեղ ձեռնարկության ինժեներ Մոհան Դանգալը: Տեղամասի ղեկավարների խոսքով՝ վերանորոգման ընթացող աշխատանքերին խոչընդոտում են ճանապարհի նախագծային անճշտությունները և ճանապարհով երթևեկող խոշոր բեռնատար ավտոմեքենաները: «Հետք»-ը գնացել է լոտ-1 և լոտ-2 տեղամասերի ղեկավարների դժգոհությունների հետքերով:

«ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն տենդերով շահել և Մ-6 միջպետական ճանապարհի լոտ-2 տեղամասում ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած 14 կմ ճանապարհահատվածում: Տեղամասում աշխատանքները սկսելու թույլտվություն «ԱԱԲ Պրոեկտ»-ը ստացել է մայիսի 30-ին:

«Մենք թույլտվությունը ստացել ենք սկզբում 2,5 կմ հատվածի համար՝ կոնկրետ Ալավերդու երկու՝ Թումանյան փողոցին հարող և Էնգելս թաղամասի կամուրջների արանքում ընկած հատվածում՝ Ալավերդին շրջանցող ճանապարհի վրա»,- ասաց Դավիթ Ազատյանը: Վերջինիս խոսքով՝ ի սկզբանե պարզվել է, որ շինաշխատանքների նախագծային մեթոդը չի համապատասխանում այդ ճանապարհին տիրող վիճակին:

«Եթե մենք 20 սմ-ի վրա վերամշակում կատարեինք և ասֆալտ, ապա ճանապարհը կարճ ժամանակահատվածում քայքայվելու էր: Մենք ապացուցեցինք, որ այդ ճանապարհի գրունտը թույլ է: Ճանապարհի հաջորդ խնդիրը 1,4 կմ երկարությամբ ջրագիծն է: Գործնականում այս ջրագծի տեղափոխման նախագծման աշխատանքները նոր են սկսվել»,- բացատրեց Դավիթ Ազատյանը:

Այնուհետև լոտ-2 տեղամասին շինաշխատանքների համար տրվել է 6 կմ ճանապարհահատված: Այստեղ էլ Դավիթ Ազատյանի ասելով՝ պատվիրատուն՝ տրանսպորտի, կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ԾԻԳ-ը շինարարին վստահեցրել է, թե ճանապարհի այդ հատվածում օտարման խնդիրներ չկան: Սակայն աշխատանքերը սկսելուց հետո պարզվել է՝ 6 կմ ճանապարհի, հատկապես Ալավերդու Էնգելս թաղամասից դեպի Նեղոց գյուղ գնացող հատվածի վերևի լանջերին այգիներ կան, որոնց մասին շինարարը և պատվիրատուն տեղյակ չեն եղել: Դրանք պետական գրանցում չեն ունեցել, որի պատճառով այսօր էլ այդ հատվածում ճանապարհի շինարարական աշխատանքները դադարեցված են:

«Հիմա դրանց մի մասին ԾԻԳ-ի կողմից համապատասխան ընթացակարգ է տրվել՝ փողերը ստանալու համար»,- բացատրեց Դավիթ Ազատյանը: Սանահին կայարան-Բաղրամյան ճանապարհատվածում՝ 750 մետրի վրա Դ. Ազատյանի հրահանգով նոյեմբեր ամսին 50-60 սմ պատվածք է հեռացվել, որպեսզի կատարեն վերանորոգման աշխատանքներ և ցույց տան, որ իրենք աշխատանքները կատարում են արագ և որակով: Դավիթ Ազատյանի խոսքով՝ եղանակային նորմալ պայմաններում տեխհսկողության ինժեներ Մոհան Դանգալը թույլ չի տվել կատարել լիցքի աշխատանքերը՝ պատճառաբանելով, թե ճանապարհի գրունտը խոնավ է: Դ. Ազատյանը հակառակն է պնդում: Այդ հատվածն էլ դարձել է վարորդների համար անցանկալի ճանապարհ: «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն միջպետական ճանապարհի տենդերին մասնակցելուց հետո, տրանսպորտի և կապի նախարարությանը և Մոհան Դանգալին տեղեկացրել է, որ նախագծում կոնկրետ խնդիրներ կան գեոդեզիական չափագրումների հենանիշերի հետ կապված: Հենանիշերի հիման վրա կառուցվել է նախագիծը:

«Այդ հենանիշերը չէին համապատասխանում բնության հետ: Նախագծում ներկայացված հենանիշերով ճանապարհը դուրս էր գալիս իր ուղղությունից: Հենանիշերի հարցը լուծվեց անցած տարվա հոկտեմբերին, իսկ մեզ աշխատանքի թույլտվություն էին տվել մայիսի 30-ին: Մինչև հենանիշերի նախագծային կարգավորումը լոտ-2 տեղամասը աշխատանքի դաշտ չի ունեցել, զբաղվել է Ալավերդին շրջանցող 2,5 ճանապարհի վրա, որտեղ նույնպես հայտնաբերվել են նախագծային շեղումներ: Երբ մենք նախագծի սխալների խնդիրները բարձրացնում ենք, մեզ պայմանագրային կետերով պատվիրատուն և տեխնիկական վերահսկող Մ.Դանգալը ճնշում են, թե դուք այս կամ այն խնդիրը չեք կատարել, ինչու՞ եք նախագծից խոսում»,- պատմեց Դ. Ազատյանը:

Վերջինիս ասելով՝ Սանահին կայարանային թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած 14 կմ ճանապարհին «Ռոստելեկոմը»՝ 1, իսկ «Բիլայնը» 2 կաբելներ ունեն:

«Նախագծում այս կաբելների վերատեղադրումը կա, սակայն բացթողումներ կան վերատեղադրման հետ կապված: Այդ նույն հատվածում ճանապարհի աջ բլրի վրա քարի արտադրամաս կա, որտեղից արտադրական ջրերը ժամանակին հոսել են ասֆալտի տակ և փչացրել են ճանապարհը: Այստեղ էլ լուծված չէ ջրահեռացման խնդիրը: Դավիթը Ազատյանը նաև բացատրեց, որ Ալավերդու Բաղրամյան թաղամասի կամրջի վերակառուցումը սկսելիս ի հայտ է եկել կամրջի թռիչքների անհամաչափություն, և դրանց վերանախագծման անհրաժեշտություն է առաջացել.

«Դրա լուծում տվողը հենց տեխհսկող ինժեներ Մոհան Դանգալն է, ես շինարար եմ, հասկանում եք, ես նախագծի լուծում տվող չեմ»,- ասում է լոտ-2 տեղամասի ղեկավարը: Նախորդ տարվա նոյեմբերի 26-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում Մ. Դանգալին հանձնարարություն է տրվել՝ տալ Բաղրամյան թաղամասի կամրջի նախագծային լուծումը, սակայն հանձնարարությունը մնացել է անտեսված:

«Չե՞ք կարծում, որ տեխհսկող ինժեները Ձեր առաջ միջպետական ճանապարհի վերանորոգման որակի եվրոպական չափանիշներին համապատասխան աշխատանքի պահանջ է դնում»,- հարցրինք Դ. Ազատյանին:

«Չափանիշը որն է, եթե եվրոպական չափանիշ այստեղ գոյություն ունի, թող ասի՝ սա է եվրոպական չափանիշը, խնդիրը լուծեք այդպես: Ինքը ընդհանրապես լուծում չի առաջարկում, հասկանու՞մ եք: Նրան պատվիրատուն ասել է նախագծային փոփոխությունների համար Ձեր ինժեներական թիմն է պատասխանատու: Դա նշված է նաև նոյեմբերին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի խորհրդակցության արձանագրությունում: Այս կարգի խնդիրներ կան, մենք ներքին կարգով ասում ենք, լուծում չի տրվում, դուրս է գալիս՝ մենք դժգոհում ենք լրատվամիջոցներով: Դուրս է գալիս, որ մենք մեր հարցերը չենք կարողանում լուծել: Սա միջպետական ճանապարհ է, որի վերանորոգման նախագծում բարձիթողի վիճակ է»,- ասաց Դավիթ Ազատյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա մայիսից մինչև հոկտեմբեր իր ղեկավարած լոտ-2 տեղամասը զբաղվել է միայն ճանապարհի նախագծային սխալներով՝ ճանապարհի վերանորոգման իր գործով զբաղվելու փոխարեն: Այս պահին լոտ-2-ն ավարտել է Ալավերդու Էնգելս թաղամասից դուրս եկող 200 մ ճանապարհի լայնացման հողային աշխատանքները, իրականացնում է նույնպես 200 մ ժայռային աշխատանքեր: Ճանապարհի այդ հատվածը նույնպես անանցանելի է, հեղեղված է լեռնային աղբյուրների ջրերով: Դավիթ Ազատյանը ասում է՝ այդ ջրերը չեն վնասի ճանապարհի գրունտը՝ իրենք ջրահեռացման աշխատանքներ են կատարել:

Միջպետական ճանապարհի լոտ-1 տեղամասում 10 կմ՝ Քոբայր կայարանից մինչև Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի կամրջի ձախակողմյան մասը՝ գումարած 210 մ ճանապարհի շինարարական աշխատանքներ, տենդերով շահել է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Կորյուն Հարությունյանի խոսքով՝ լոտ-1 տեղամասի աշխատանքների նորմալ ընթացքին խոչընդոտում են ոչ միայն նախագծային անճշտությունները, այլև բարդ ռելիեֆ ունեցող վտանգավոր ճանապարհով երթևեկող խոշոր բեռնատար ավտոմեքենաները: Տեղամասի ղեկավարները պատվիրատուին առաջարկել են կասեցնել խոշոր բեռնատարների երթևեկությունը վերակառուցվող ճանապարհով, որը, սակայն, չի կատարվել պատվիրատուի կողմից:

Կ. Հարությունյանի խոսքով՝ արդեն 3 ամիս է, ինչ Սանահին կայարանային թաղամասի կորաձև կամրջի վերակառուցման աշխատանքները սկսելու թույլտվություն է ստացել, սակայն նախագծային խնդիրների պատճառով աշխատանքերը չեն սկսել: Լոտ-1 տեղամասի նախագծային ցիկլից 1-ին անհրաժեշտությունը ճանապարհի լայնացումն է:

«Մեր հիմնական ուշադրությունը ճանապարհի լայնացման վրա է»,- ասաց Կ. Հարությունյանը: Նրա ասելով՝ նախագծով արդեն կատարվել է ճանապարհի մոտ 2,5 կմ-ի լայնացում: Պատվիրատուի կողմից ժայռային հանույթի աշխատանքերը սկսելու և մոտ 2 կմ ճանապարհի շինարարության թույլտվություն լոտ-1 տեղամասը դեռ չի ստացել:

Հունվարի 14-ի առավոտյան Մոհան Դանգալի Ալավերդու գրասենյակում հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին: Ժամը 15-ի սահմաններում Հաղպատի Քեֆիլյան հյուրանոց մտնելիս հանդիպեցինք Մոհամ Դանգալին.

«Փարիզից մեզ չեն թույլատրում լրագրողների հետ խոսել»,- ասաց պարոն Դանգալը: Պատասխանելով մեր հարցին, այնուամենայնիվ, Մ. Դանգալն ասաց. «Դավիթ Ազատյանը անում է այն, ինչ ուզում է: Նա բացարձակ անորակ է աշխատում: Նա ուզում է խախտումներ անել և փող ստանալ: Ես միայն ճանապարհի վերանորոգման որակն եմ ստուգում, ես նախագծային խնդիրների հետ գործ չունեմ: Կապալառուները ուզում են միայն փող ստանալ, որակը չապահովել: Ես նորմատիվները չեմ թույլատրում խախտել: Ես նրան 5 նկատողություն եմ գրել: Եթե կարճ ժամանակում չուղղվի, պարտավորվում եմ Դավիթ Ազատյանին հեռացնել աշխատանքից»,- ասաց Մ. Դանգալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter