HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«168 ժամ» թերթն էլ պետք է ապացուցի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ արտաշատցի Մարգարիտա Մարտիրոսյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու հայցով նախնական դատական նիստն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի և երրորդ անձ «168 ժամ» թերթի:

Հայցվորն իր հայցադիմումում պատճառաբանել է, որ պատասխանողի` «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածը, որը «168 ժամ» թերթում տպագրվել է 04.11.2010թ.-ին, իր հասցեին ակնհայտ անհիմն մեղադրանքներ և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ է պարունակում: Ըստ հայցվորի՝ հոդվածում առկա այդ արտահայտություններն են.

«...Հ. Կարապետյանը վստահեցնում է, որ սկեսուրն ու ամուսինը` սպանության համար դատապարտված Ա. Մանասերյանը, սպառնացել են ճշմարտությունն ասելու, վկայություն տալու դեպքում իր նկատմամբ քայլեր ձեռնարկել...»: 

«...Մարգարիտան` սկեսուրս, շանտաժի է դիմել։ Նա բոլորին կաշառելով՝ մարդկանց դատում, նստացնում է...»

Հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին` հերքելու հոդվածում պարունակող վերը նշված և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ամբողջությամբ` հերքումը տպագրելով նույն շաբաթաթերթում, ինչպես նաև Հռիփսիմե Կարապետյանից բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծախսերի փոխհատուցում:

Այսօրվա նիստին պատասխանողը ներկա չէր, չնայած պատշաճ ծանուցված էր: Դատավոր Է.Ավետիսյանը որոշեց դատական նիստը շարունակել պատասխանողի բացակայությամբ:

Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը դատարանին խնդրեց, որ այսօրվա նիստով նախնական նիստն ավարտեն և անցնեն դատաքննության փուլ: Այսպիսով, դատավորը կողմերի միջև բաժանեց ապացուցման բեռը հետևյալ հաջորդականությամբ.

հայցվորը պետք է ապացուցի, որ պատասխանողն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև հիմնավորի իր իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական ծախսերը:

Պատասխանողը պետք է ապացուցի իր առարկությունների հանգամանքները, իսկ «168 ժամ» թերթը պետք է ապացուցի, որ տպագրել է հոդվածը Հռիփսիմե Կարապետյանի նամակի կամ խոսքերի հիման վրա, ինչպես նաև հիմնավորի, թե ինչու հայցվորի կողմից պատշաճ ներկայացված հերքումը չի տպագրել:

Հռիփսիմե Կարապետյանը պետք է ապացուցի Մարգարիտա Մարտիրոսյանի հասցեին հնչեցրած մտքերի համապատասխանությունն իրականությանը:

Այսքանով դատավորը նախնական դատական նիստն ավարտվեց՝ կողմերին տալով երկշաբաթյա ժամանակ ապացույցների ներկայացման համար: Հերթական նիստի օրվա մասին կողմերը գրավոր կծանուցվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter