
Արմեն Գևորգյանը՝ լրագրողներին. «Խնդրում եմ՝ ինձ հաջողություն մաղթեք»
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Դատարան ժամանած Արմեն Գևորգյանը լրագրողների շատ հարցերի չպատասխանեց՝ փոխարենն առաջարկելով իրեն հաջողություն մաղթել:
«Ձեզ ամենայն բարիք և ինձ, խնդրում եմ՝ հաջողություն մաղթեք»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, հենց այս շտաբում էին կայացվում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ բոլոր որոշումները:
Հարցին՝ ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ Գևորգյանը եղել է այդ շտաբի անդամ, վերջինս պատասխանեց, որ ինքը նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունի:
«Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից որեւէ բան չունեմ ավելացնելու, ոչ պակասացնելու»,- ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, սկսել և րոպեներ անց հետաձգել էր Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը, և այն շարունակվում է այսօր:
2018-ի դեկտեմբերի 11-ին Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Դատախազությունն այս որոշումը բողոքարկել է: Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գևորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները, սակայն նրան մեղսագրվող 190-րդ հոդվածի՝ փողերի լվացման դեպքում արձանագրել է՝ հիմնավոր կասկածն այն մասին, որ Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքն, առկա է, բայց չկան նրան կալանավորելու հիմքեր:
Այս վերջին հանգամանքն է, որը Գևորգյանի պաշտպանական կողմը վիճարկում է:
Վերաքննիչ բողոքով Գևորգյանի պաշտպանները դատարանից խնդրում են փոփոխել առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը՝ կապված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածին, և կայացվող նոր դատական ակտով՝ հաստատված համարելով հանգամանքը, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Գևորգյանը կատարել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը:
Մեկնաբանել