HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ նիստը կքննվի դռնփակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, բավարարեց Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ նրա վերաբերյալ գործը դռնփակ քննելու վերաբերյալ:

Դատավորն արձանագրեց, որ գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերում են դատավարության մասնակիցների՝ գործով տուժողի և ամբաստանյալի մասնավոր կյանքին։

Մինչ դռնփակ նիստի վերաբերյալ որոշումը, նիստի ընթացքում գործով տուժողի կարգավիճակ ունեցող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ հիմքեր կան գործով դատախազին բացարկ, իսկ նախագահող դատավորին՝ ինքնաբացարկ հայտնելու համար, սակայն նման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ վստահ է՝ դրանք կմերժվեն:

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանն, ըստ մեղադրանքի, կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։

Գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը մեղադրվում է Բագրատունուն առևանգելու մեջ:

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, առևանգման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն այս դեպքի մասին հայտնի է դարձել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Գործի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, թե գործով տուժողը 2018-ի ապրիլին վերադարձել է Հայաստան, և դրանից հետո է, որ ցուցմունք է տվել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի դեմ:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Արամ Վարդանյանը կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և տուժողին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` նրա առևանգումը կազմակերպելու համար: 

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Վարդանյանի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են տուժողին ու տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Վարդանյանը ծեծի է ենթարկել նրան, զենքով սպառնացել սպանել նրան:

Ըստ մեղադրանքի՝ տուժողին շուրջ 3 ժամ անազատության մեջ պահելուց հետո Վարդանյանը սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, և 2017 թվականի հուլիսի 7-ին տուժողը մեկնել է Հայաստանից, ու վերադարձել, ինչպես արդեն նշեցինք, 2018-ի ապրիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter