HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյան. «Մի հատ ինձ նայեք. ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հետաձգեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը:

Նիստի ավարտից հետո Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայտարարությամբ է հանդես եկել, ներկայացրել, իր կարծիքով, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին, խնդրել, որ արվի ամեն ինչ՝ գործի անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննության համար:

Հարցին Ռոբերտ Քոչարյանից ինչ-որ հրաման ստացե՞լ է՝ Մարտի 1-ի գործի կապակցությամբ, Գևորգյանը նշեց, որ ինքն այժմ գտնվում է այնպիսի կարգավիճակում, որ չի կարող որևէ տեղեկություն տալ գործի նյութերի մասին:

«Ես հասկանում եմ, որ համբերության խնդիր կա, ժամանակի խնդիր կա, նորությունները տարածելու, լուերը տարածելու խնդիր կա, բայց խնդրում եմ համբերություն: Ես գործի հետ կապված մանրամասները չեմ կարող մատնանշել»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն իր տված հարցազրույցներից մեկում նշել է, թե Գևորգյանը այլ պաշտոնյայի հետ ճնշում է գործադրել ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ՝ կապված 2008 թվականի ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող բողոքի հետ:

Այս առնչությամբ Գևորգյանը նշեց. «Մի հատ ինձ նայեք. ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»:

Մեդիամաքսին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ Արմեն Գևորգյանը նշել է, որ վերլուծելով իր հետ վերջին ամիսներին կատարվողը՝ գալիս է այն մտքին, որ պետական համակարգում ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելով՝ ինքը հաճախ է ասել է «ոչ», ինչը երբեմն վտանագավոր է եղել իր համար:

2018 ապրիլի 18-ից սկսած՝ Գևորգյանը փոխվարչապետ էր: Լրագրողի հարցին՝ արդյոք նոր իշխանություններին նա ինչ-որ հարցում ասել է «ոչ», որը վտանգավոր հետևանքներ է ունեցել իր համար, Գևորգյանը պատասխանեց, որ ինքը գործող իշխանության հետ գործնական կամ այլ կարգի քննարկումներ չի ունեցել, որ իրենց ասեր ոչ կամ այո:

Հարցին՝ իրեն առաջադրված 4 մեղադրանքում Գևորգյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, վերջինս տարակուսեց, թե ի՞նչ 4 մեղադրանքի մասին է խոսքը, իր մեղադրանքներն այսօր առավոտվա դրությամբ երեքն էին, ապա նշեց, որ ինքն այսօր Դատախազությունում խոստացել է, որ փորձելու է ձեռնպահ մնալ հանրայնորեն գնահատական տալ գործի ընթացքի մասին: 

«Գուցե ես տարօրինակ մարդ եմ, բայց քանի որ հայտնվել եմ այս վիճակում, փորձում եմ, որպեսզի ամբողջը իրականանա օրինական իրավական դաշտում»,- ասաց Գևորգյանը:

Հարցին՝ այսինքն Գևորգյանը վստահու՞մ է իրավական համակարգին, վերջինս պատասխանեց, թե ինքն իրեն, պաշտպաններին և օրենսդրությանն է վստահում:

Նշենք, որ «Հետք»-ի հետ զրույցում Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Գևորգյանին վերագրվող արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածի վաղեմության ժամկետը անցել է, այսինքն՝ այս հիմքով Գևորգյանի համաձայնության դեպքում քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման, սակայն Գևորգյանը հրաժարվել է, որպեսզի նրա նկատմամբ վաղեմություն կիրառվի, և պնդել, որ ցանկանում է ռեաբիլիտացվել (անարդար կերպով մեղադրված անձի պատիվը, հեղինակությունը վերականգնել): Դրանից հետո արդարադատության խոչընդոտման համար հիմք հանդիսացող դրվագը, որով Գևորգյանին մեղադրանք էր առաջադրված, այսպես ասած, տեղ է գտել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածի շրջանակներում:

Գևորգյանի վերաբերյալ հաջորդ դատական նիստը հունվարի 25-ին է: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, խոշոր չափերով փողերի լվացման և խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը, որը Դատախազությունը բողոքարկել է:

Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև Գևորգյանի պաշտպանական կողմը, քանի որ դատարանը գտել է, որ Գևորգյանին փողերի լվացման դրվագով առաջադրված մեղադրանքի դեպքում առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը: Դատարանի այս դիրքորոշման հետ պաշտպանական կողմը համամիտ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter