HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գիտական աստիճան ունեցող պատգամավորը ժամանակին հրաժարվել է տարկետման իրավունքից. «Բա ծառայությունը ուսում չի՞»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ իր ելույթում հայտարարեց՝ ժամանակին ինքը ևս, ինչպես շատերը, տարկետման իրավունք է ստացել, սակայն հրաժարվել է, ինքնակամ մեկնել զինվորական ծառայության: Այս մասին զրուցեցինք պատգամավորի հետ: Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր հիմնական ուսումնառությունը չի ընդհատվել:

«Բուհն ավարտելուց հետո ինձ զինկոմիսարիատից տեղեկացրին, որ բուհից գրություն կա՝ կարող եմ ասպիրանտուրայի քննության մասնակցել և մասնակցության ժամանակահատվածի շրջանակներում կարող եմ չզորակոչվել, բայց ես ինքնակամ մեկնեցի ծառայության»,- ասաց Գոռ Գևորգյանը: Վերջինիս խոսքով՝ զորացրվելուց հետո ինքը զբաղվել է գիտակրթական գործունեությամբ, ասպիրանտուրայում ուսանել, այժմ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ է, դասախոս, գիտական հոդվածների հեղինակ:

Մեր դիտարկմանը, որ չծառայած շատ պաշտոնյաների հիմնական փաստարկն այն է, որ բանակ մեկնելով՝ կրթությունն ընդհատվում է, Գոռ Գևորգյանն ասաց. «Մոտեցումն այն է, որ առհասարակ, երբ մարդ ընդունվում է բուհ և մեկնում է ծառայության, որոշակիորեն  կուտակված գիտելիքներն ու փորձը միգուցե մոռացության են մատնվում կամ ուսման նկատմամբ տենչանքն է մարում. ամեն դեպքում դա շատ անհատական մոտեցում է, լավ կլիներ, որ լիներ համակարգված»:

Մեր հարցին՝ չի՞ զղջում, որ զինծառայության պատճառով իր գիտակրթական աշխատանքը երկու տարով ընդհատվել է, պատգամավորն արձագանքեց.

«Բա ծառայությունը ուսում չի՞, ծառայությունը կյանքի ամենամեծ ուսումներից մեկն է, վստահաբար ասում եմ ձեզ՝ էնտեղ էնքան բան ենք սովորում, որ քաղաքացիական կյանքում չենք սովորի, դա կյանքի փուլ է, մարդ պետք է գիտակցի, որ այն հայրենիքին ծառայություն է: Դա եղել է իմ ընտրությունը, իմ անհատական մոտեցումը, խնդիր չի եղել գնալ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, ցույց տալ, եղել է իմ ընտրությունը՝ իմ պարտքը հայրենիքի առջև կատարել: Իսկ առհասարակ, եթե մարդ ուզում է սովորել, նա ցանկացած պարագայում կսովորի»:

Գևորգյանի խոսքով՝ այժմ իր ուսանողներից շատերը զորացրվել են և վերադարձել՝ ուսումնառությունը շարունակելու: «Բուհում տրվում է որոշակի ժամանակաշրջան, որ իրենք ադապտացվեն, դասախոսների կողմից նրանց նկատմամբ ավելի ուշադիր մոտեցում է  որդեգրվում»,- ասաց Գոռ Գևորգյանը:

Լուսանկարը՝ Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter