HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մանկապարտեզի տնօրենի հավաստմամբ՝ Իջևանի քաղաքապետն իրեն աշխատանքից ազատել է ընկերոջ կնոջը նշանակելու համար

Իջևանի ավագանին, քաղաքապետ Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին որոշել է աշխատանքից ազատել Թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանին։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված որոշման համաձայն՝ Էլմիրա Մարտիրոսյանը պատշաճ ձևով չի իրականացնում տնօրենի իր պարտականությունները՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ, որի պատճառով աշխատակազմի առանձին աշխատողների կողմից թույլ են տրվում կարգապահական խախտումներ, անհարգելի բացակայություններ՝ վտանգի ենթարկելով մանկապարտեզ հաճախող երեխաների  անվտանգությունը։

Էլմիրա Մարտիրոսյանը նեղսրտել է աշխատանքից ազատման որոշման նման բովանդակությունից։ Մեզ հետ զրույցում պնդեց՝ աշխատանքից ազատման պատճառը իրականում այլ է:

Քաղաքապետը իրեն աշխատանքից հեռացրել է ոչ թե պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, այլ այն պատճառով, որ չի պատժել քաղաքապետի մոտ բողոքի գնացած իր աշխատակիցներին: «Ստացվում է՝ աշխատանքից հեռացվում եմ այն բանի համար, որ չեմ պատժել աշխատողներիս»,-ասում է Է․ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը պատմեց, որ հունվար ամսից մանկապարտեզի դաստիարակները պետք է աշխատեն 08։30-17։30-ը՝ նախկինից մեկ ժամ ավելի, սակայն ստանան 1,12 դրույքով աշխատավարձ։

Նշենք, որ դաստիարակների աշխատավարձը 55 հազար դրամ է եղել։ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ դատիարակների աշխատավարձը ավելանալու է մոտ 6500 դրամով։ Ստացվում է՝ դաստիարակը մեկ ժամ ավել աշխատելու համար յուրաքանչյուր օր պետք է ստանա 300 դրամ։    

Հունվարի 9-ին դաստիարակներն իրենց դժգությունն են հայտնել մանկապարտեզի տնօրենին, սակայն վերջինս պարզաբանել է, որ այն կարգավորելու իրավասություն չունի։ Խնդիրը քննարկելու համար աշխատակիցները Մարտիրոսյանից թույլտվություն են խնդրել և գնացել քաղաքապետարան՝ իրավասու պաշտոնյաներին հանդիպելու։

Տնօրենի պատմելով՝ դաստիարակները սկզբում հանդիպել են քաղաքապետարանի կրթության վարչության պետին, որ քաղաքապետի քույրն է։ Վերջինս աշխատակիցներին ընդունելիս կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել, որից հետո մանկապարտեզի աշխատակիցները հանդիպել են քաղաքապետ Վարդան Ղալումյանին։ Քննարկման արդյունքում կողմերը իրավիճակի կարգավորման ընդհանուր հայտարարի չեն եկել, և դաստիարակները հետ են վերադարձել մանկապարտեզ։

Հաջորդ օրը քաղաքապետ Վարդան Ղալումյանը իր մոտ է կանչել Էլմիրա Մարտիրոսյանին:

«Հարցը դրեց այսպես՝ ինչու՞ էր կոլեկտիվդ եկել, դա միտի՞նգ էր։ Հարցնում եմ՝ մի՞թե նրանք իրավունք չունեին իրենց հուզող հարցը կրթության բաժնի վարիչի մոտ բարձրացնեին։ Իմ առջև հարց է դնում՝ կա՛մ դիմումդ գրում ես աշխատանքից դուրս գալիս, կա՛մ ես ավագանու հրատապ նիստ եմ հրավիրում ու քեզ ազատեմ աշխատանքից։ Ասացի՝ կմտածեմ, կասեմ։ Աշխատանքից միանգամից դուրս գալը ինձ համար մեծ սթրես էր, որովհետև երբեք աշխատանքի հետ կապված խնդիր չեմ ունեցել»,- պատմեց մանկապարետզի տնօրենը։

Մարտիրոսյանը ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, որոշել է իր հերթական արձակուրդը վերցնել։

Տնօրենը ըմբռնումով է մոտենում դաստիարակների դժգոհությանը: Նա էլ համարում է, որ նրանց աշխատավարձը ցածր է: 

Մարտիրոսյանի պատմելով՝ հունվարի 11-ին քաղաքապետը գնացել է մանկապարտեզ, հանդիպել դաստիարակներին և հայտնել․ «Ձեր պատճառով եմ ազատում Մարտիրոսյանին։ Ինչի՞ եկաք, բողոքեցիք»։

Նույն օրը՝ ավագանու նիստից հետո, քաղաքապետ Ղալումյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի կնոջը՝ Էլմիրա Խաչատրյանին, ով մանկապարտեզի փոխտնօրենն էր։ Մարտիրոսյանն ասում է՝ ինքը դեռևս աշխատանքից ազատված չէ, սակայն իր պաշտոնում արդեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

Մանկապարտեզի տնօրենը կանխատեսում էր, որ վաղ թե ուշ քաղաքապետը իր պաշտոնում նշանակելու էր ավագանու անդամ իր ընկերոջ կնոջը, և որ այս դեպքը ընդամենը առիթ էր, որ քաղաքապետը իրեն աշխատանքից ազատեր։ «Ես նրա «կադրը» չէի, նշանակվել էի դեռևս 14 տարի առաջ։ Անգամ հունվարի 10-ին՝ ինձ հետ հանդիպմանը, պարզ ասեց՝ պետք է դուրս գաս, ինքը պետք է աշխատի»,- նշեց Էլմիրա Մարտիրոսյանը։

Թեև այս պահին Մարտիրոսյանի աշխատանքից ազատման հրամանը չկա, բայց նրա խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն անընդհատ զանգահարում և պահանջում է իրենց փոխանցել մանկապարտեզի կնիքը՝ սպառնալով ոստիկանություն դիմել։

«1994 թվականից աշխատում եմ այդ մանկապարտեզում։ Աշխատանք կորցնելը դժվար է, բայց նման բովանդակությամբ որոշումով 44 տարվա մանկավարժին աշխատանքից դուրս հրավիրե՞լ, այն բանի համար, որ ցանկանում է իր ընկերոջ կնոջը տեսնել պաշտոնում», - ասում է Էլմիրա Մարտիրոսյանը։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից, սակայն համայնքապետարանի աշխատակցի հաղորդմամբ՝ վերջինս արձակուրդում է, իսկ նրա բջջային հեռախոսահամարը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter