
Ի վնաս Մարգար Օհանյանի՝ վկան նորից ցուցմունքից հրաժարվեց
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը Կենտրոնի դատարանում շարունակվում է: Նախորդ նիստի ժամանակ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը, հրաժարվելով իր նախաքննական ցուցմունքից, հայտարարել էր, թե բենզինի պակասորդի վերաբերյալ ինքը միայն լսել է եւ իրականում կոնկրետ իր գլխավորած գումարդակում բենզինի պակաս լինելու խնդիր չի եղել:
Ավելին, ցուցմունքներում առկա հակասությունների առնչությամբ իրեն ուղղված հարցադրումներին ի պատասխան՝ Ենգիբարյանը պնդել էր, որ իբրեւ հիմք ընդունվի դատարանում տված ցուցմունքը, քանի որ «ճիշտը դա է»:
Սակայն այսօր դատավոր Մխիթար Պապոյանը ընթերցել է Ենգիբարյանի՝ դատարանին հասցեգրված դիմումը, որով վերջինս հիմա էլ խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, քանի որ «նախորդ դատական նիստում իմ ասածները կաշկանդվելու հետեւանք էին»:
Դատարանն այսօր լսել է նախկինում ՃՈ առաջին, ներկայումս երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանին: Վերջինս, ի տարբերություն իր գործընկեր Ենգիբարյանի, առանց «կաշկանդվելու» պնդել է նախաքննական մեղադրող ցուցմունքը, ըստ որի՝ բենզինի սակավության խնդիր եղել է, ինքն այդ հարցով անձամբ դիմել ՃՈ այն ժամանակվա պետ Մարգար Օհանյանին, սակայն նա ասել է, թե առայժմ չենք կարող ավելացնել: Արշակյանը նույնիսկ մանրամասնել է, որ 2009թ. ստացել է 27,5 հազար լիտր բենզին, բայց այն փաստաթղթերում ձեւակերպվել է իբրեւ 32 հազար լիտր: Երբ դիմել է Օհանյանին, վերջինս ասել է, որ այդ ամենից տեղյակ է:
Դատավարությունը կշարունակվի փետրվարի 7-ին:
Մեկնաբանել