HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկակի չափանիշներ

Վերջերս մամուլում և սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման շուրջ: Շատ լուրջ դիմադրություն կար նրան ներելու դեմ, որի հիմնական փաստարկը հետևյալն էր. «Մարդասպանին ներել չի կարելի»: Նշված իրավիճակը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Նախ ցանկանում եմ շեշտել, որ ասվածը որևէ կերպ չի վերաբերվում տուժողի հարազատներին, նրանց վշտին վերաբերվում եմ ամենայն հարգանքով, այդ կորուստը անդառնալի է և անմոռանալի:

Մհեր Ենոքյանի ներման դեմ բուռն կերպով արտահայտվողները հիմնականում նախկին իշխանության համակիրներն են, ու այստեղ հարց է առաջանում, եթե այդ ներումը տրվեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, արդյոք այդ նույն մարդիկ, այդ նույն ջանասիրությամբ կըմբոստանային ներման դեմ: Պատասխանը միանշանակ է և ակնհայտ՝ ՈՉ: Սակայն տեսակետս ցանկանում եմ հաստատել կոնկրետ փաստով: Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներում էր շնորհել, այդ թվում՝ սպանության կազմակերպչի, բայց ինչ-որ չեմ հիշում, որ այդ մարդիկ, այդ նույն ջատագովությամբ քննադատեին այդ ներումները:

Մեկ այլ խնդիր ևս կա, տարիներ շարունակ կառավարության շենքի դիմաց պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում բանակում խաղաղ պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների ծնողները՝ սևազգեստ մայրերը, որոնց զավակների մահվան համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Մի քանի տարի առաջ, Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց սևազգեստ մայրերի հերթական բողոքի ժամանակ, ոստիկանները, բառիս բուն իմաստով այդ մայրերին ասֆալտի վրայով քարշ տալով անց էին կացնում դիմացի մայթը: Կրկին հարց է առաջանում՝ իսկ որտեղ էին այսօր «Մարդասպանին ներել չի կարելի» պահանջողները, ինչու գոնե մեկ օր չկանգնեցին այդ մայրերի կողքին, ինչու այդ գործերով նույնպես չպահանջեցին արդարություն:

Կամ մեկ այլ օրինակ ևս. տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ (համատեղությամբ նաև օլիգարխներ) կամ նրանց մտերիմները մարդկանց ճակատագրեր էին խեղում ու մնում անպատիժ կամ ենթարկվում խիստ անհամաչափ պատժի և կարճ ժամանակ անց կրկին հայտնվում էին ազատության մեջ: Բայց այդ ժամանակ նույնպես այդ մարդիկ չէին գոռում «Մարդասպանին ներել չի կարելի»: Իսկ ինչո՞ւ, նրանց արյունը կարմիր չէր, թե՞ նրանց հարազատների վիշտը վիշտ չէր, թե՞ նրանց սիրտը չէր ցավում:

Ես չեմ ցանկանում անդրադառնալ Մհեր Ենոքյանի մեղավորությանը կամ անմեղությանը, պարզապես ներկայացնեմ մի քանի նկատառում: Մհեր Ենոքյանի գործի քննությունը տևել է ընդամենը մի քանի ամիս, արդյոք այդ մի քանի ամիսը բավարար ժամանակահատված էր գործը բազմակողմանի և օբյեկտիվ քննելու համար:

Համեմատության համար նշեմ, որ կոնկրետ օրինակներով նման գործերի քննությունը տևում է տարիներ, և մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չէր գործը օբյեկտիվ քննել:  

Մյուս նկատառումս վերաբերում է նրան, որ Մհեր Ենոքյանը արարքը կատարելու պահին 19 տարեկան էր, և այդ ժամանակ նա դատապարտվել էր մահապատժի, իսկ հետագայում՝ նաև ցմահ ազատազրկման: Իմ կարծիքով՝ անընդունելի է դեռևս հասուն տարիքի չհասած երիտասարդին մահապատժի կամ ցմահ ազատազրկման դատապարտելը:

Ցանկանում եմ նշված գործը համեմատել 2016թ. սպանված Կարեն Վարդանյանի գործի հետ, երբ 3 տարի անց միայն երկու անձանց դատապարտեցին 24 և 22 տարվա ազատազրկման: Կարծում եմ, եթե Մհեր Ենոքյանը դատապարտվեր այսօր, նա նույնպես կստանար 22 կամ 24 տարի պատիժ, բայց ոչ մահապատիժ կամ ցմահ ազատազրկում (մեղավոր ճանաչվելու դեպքում):

Ռոբերտ Ռևազյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter