HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյան. «ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է անվճար բուժում»

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԿ), «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման նպատակով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով՝ ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցերի շուրջ:

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի պաշտոնակատարը հատուկ շեշտել է, որ վերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման շնորհիվ՝ Հայաստանում կասեցվել է համաճարակի զարգացումը, և ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը մնում է կայուն:

«Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում բնակչության ամենախոցելի խմբում` միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում իրա­կանաց­վող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում շարժական կլինիկաների և բժշկական խմբերի միջոցով տասնյակ հազարավոր շահառուների անանուն և անվճար սկզբունքով տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ՝ գրավիչ դարձնելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և նպաստելով հիվանդության վաղ հայտնաբերմանն ու բուժմանը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հատուկ շեշտել է, որ 2017 թվականից Հայաստանում ներդրվել է «բուժել բոլորին» ռազմավարությունը:

«ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում: Ներկայումս ՁԻԱՀ-ի կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում ՄԻԱՎ վարակ ունեցող մոտ 1900 մարդու՝ տալով նրանց լիարժեք կյանքով ապրելու, աշխատելու և իրենց ընտանիքների մասին հոգալու հնարավորություն»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են տվյալներ Հայաստանում միգրացիայի, մասնավորապես՝ ՄԻԱՎ վարակի, հեպատիտ Բ-ի և Ց-ի տարածվածության, առողջապահական ծառայությունների հասանելիության, ռիսկային այլ խմբերի, խտրականության և այլ արատավոր դրսևորումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter