HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17 000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:

Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71 760 000 դրամ, 80 000 ԱՄՆ դոլար, 67 350 եվրո, 246 500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվերակությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Դեկտեմբերի 21-ին դատարանը Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատել էր կալանքից, և այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter