HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ԵՄ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է սկսել

2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: 
Այդ նապատակով հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: 
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ երկրամասերի ՆԳ նախարարների համաժողովի նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ներքին գործերի և սպորտի հարցերով նախարար Հոլգեր Շտալկնեխտի, ԳԴՀ ներքին գործերի պետքարտուղար Հելմութ Թայխմանի, ԳԴՀ ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթի և Բունդեսթագի ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեա Լինդհոլցի հետ:
Հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter