HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կառավարությունը կների անհատ տաքսիստների «մեղքերը»

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հերթական համաներումը կիրառել։ Այս անգամ՝ լիցենզավորման կարգը խախտած անհատ տաքսի մեքենաների վարորդների նկատմամբ։  

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծ է մշակել, որի նպատակն է ներել բեռնատարների վարորդներին եւ տաքսիստներին։

Ավելի քան 3600 ակտ՝ տոկոսներով հանդերձ

Նախատեսվում է առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Խոսքը անհատ տաքսիստների գործունեության պետական տուրքի մասին է, ամսական 12 հազար դրամի չափով՝ Երեւանի, 5000-8000 դրամ՝ մարզային բնակավայրերի համար։

2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել է 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել, «հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմանները»:

Տաքսիստները կներվեն՝ ոչ միայն պետական տուրքը, այլեւ դրա համար սահմանված տույժը չվճարելու համար։ Վարչական ակտերի եւ պետական տուրքի գծով տույժերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախարարությունը կառավարությանն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց ազատել վարչական պատասխանատվությունից:

Տաքսի են վարում նաեւ օդաչուները

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը կարծում է, որ անհատ տաքսու վարորդներն այս դեպքում ոչ թե սովորական օրենք խախտող են, այլ՝ պետության անգործության զոհ։

-Իրավիճակը հետեւյալն է․ Մարդիկ մնացել են գործազուրկ, որոշել են տաքսի վարել, 12 հազար դրամ վճարում են պետությանը, ստանում լիցենզիա, որպեսզի 50 հազար դրամ տույժի տակ չընկնեն։ Կառավարությունը քանի անգամ փոխեց լիցենզավորման ու գործունեության պայմանները։ Հետո տաքսիստները հասկացան, որ անիմաստ է 12 հազար դրամ լիցենզավորման գումար վճարելը, որովհետեւ դաշտը չի վերահսկվում։ Ի հայտ էին եկել օնլայն տաքսի-ծառայություններ՝ GgTaxi, Yandex եւ այլն, որոնք չեն լիցենզավորվում։

Անհատ տաքսու վարորդները սկսեցին հրաժարվել պետտուրք վճարելուց, կասեցնելով լիցենզիան։ Բայց լիցենզիայի կասեցումը չի նշանակում դրա դադարեցում, գործունեության լուծարում։ Լիցենզիայի կասեցման դեպքում 12 հազար դրամների վճարումը չի կասեցվում, հաշվարկը շարունակվում է։ Որոշ տաքսիստներ մի քանի տարվա պետտուրքի պարտք ունեն կուտակած, գումարած տույժերը։

-Պետությունը յուրաքանչյուր ամիս չի՞ ծանուցում չկատարած պարտավորություների համար։

-Նման պարտավորություն չկա։ Պետական մարմնի իրավունքն է՝ երբ կդիմի դատարան։

-Բայց վարորդների անտեղյակությու՞նն է խնդիրը։ Տաքսիստներն ի սկզբանե ակնհայտ հայտարարում էին՝ չենք վճարելու։ Պատճառներից մեկն այն էր, որ մարզերում պետտուրքն ավելի ցածր է։

-Եթե նկատի ունեք, որ սա անբարեխիղճ պահվածք է, ապա պետք է արձանագրենք, որ պետությունն էլ իր հերթին բարեխիղճ չի գտնվել։ Առաջինը՝ օնլայն տաքսիների եւ անհատ տաքսիների համար սահմանված են խաղի տարբեր կանոններ։ Երկրորդ՝ պետությունն ընդհանրապես ոլորտը չի վերահսկում, չնայած վճարը հավաքում է։ Տաքսիները նայեք՝ ոչ հաշվիչներ ունեն, ոչ գներն են փակցված, ինչը պարտադիր է։ Պետությունը տուրքը հավաքելուց զատ, պետք է նաեւ օրենքը կարգավորի բոլորի համար։

-Ի՞նչ առաջարկներ ունեք։

-Էս ոլորտը պետք է քանդել, զրոյից հավաքել։ Տաքսիները պետք է լուրջ հսկողության տակ վերցվեն։ Պետք է լինեն միատարր, միանման։ Յուրաքանչյուր քաղաքի տաքսիները պետք է լինեն միագույն ավտոմեքենաներ։ Օրինակ՝ Երեւանում՝ դեղին, Աբովյանում՝ կարմիր եւ այլն․․․

Անվտանգության հարցերը պետք է խստացվեն։ Վարորդները պետք է քննություն հանձնեն, էլ չխոսեմ հիգիենիկ վիճակի մասին։

Իսկ սրան պետությունը կարող է հասնել այն դեպքում, երբ կլուծի սոցիալական խնդիրները։

-Մինչեւ սոցիալական խնդիրների լուծումը, ստացվում է, տաքսու վարորդները պետք է մյուսներից առավելությու՞ն ունենան, չվճարեն պետական տուրքը։ Բայց մյուս մասնագիտությունների վրա կարծես տարածվում են՝ եւ հարկերը, եւ երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները։

-Տարբերությունն այն է, որ մյուսներին պետությունը չէ, որ դրդում է խախտում կատարելու։ Տաքսիստներին պետությունն է դրդել խախտումներ անելու, սոցիալական խնդիրների լուծման համար։

-Բայց եթե տաքսիստը գումար է վաստակում, արդյո՞ք այդ գումարից չպետք է տուրք վճարի։

-Եկեք եկամուտը համեմատենք ծախսերի հետ։ Մեքենայի անիվները, քսայուղերը, վառելիքը թանկացել են, խանութներում սնունդը թանկացել է, նույնը՝ կոմունալը։ Տաքսու գինը ե՞րբ է բարձրացել՝ երբեք։ Հիմա էդքան թանկացումներից հետո, պետական մակարդակով տաքսիստներին թույլ չեն տվել գնային փոփոխություն անել։ Օնլայն տաքսիների դաշտ մտնելուց հետո անհատ տաքսիստները շրջանառության անկում են ունեցել։ Հիմա էդ մարդիկ ի՞նչ անեն։

Եթե չեն կարողանում կանոնակարգել ոլորտը, ուրեմն պետք է տուրքը հանել ընդհանրապես։ Միայն տուրք սահմանելով՝ ոչ մի հարց չի լուծվում։ Էսօրվա դրությամբ այլ բան չի մնում անել, քանի որ եթե խիստ կարգավորումներ լինեն, սոցիալական շատ մեծ խնդիր է առաջանալու։ Ոլորտում բացթողումներ կան։ Գումարած դրան՝ մեծ սոցիալական խնդիրներ կան, ինչից դրդված՝ խաղաղապահը, ուսուցիչը, ոստիկանը, ֆիզիկոսը, մաթեմատիկոսը եւ այլն, դուրս են գալիս տաքսի վարում։ Պետությունը պետք է այնպիսի քայլեր անի, որ տաքսի ոլորտը լինի ծառայություն, ոչ թե՝ սոսկ ընտանիքը կերակրելու այլընտրանքային միջոց։ Եվ որպեսզի իմ նշած մասնագետներն իրենց գործով զբաղվեն, ոչ թե տաքսի վարեն։ Էսօր օդաչուներն էլ են տաքսի վարում։ Ես գիտեմ կոնկրետ դեպքեր։

-Երբ ասում ենք՝ սոցիալական խնդիրները լուծվեն, հետո նոր կարգավորումներ արվեն, ո՞րն է այդ սահմանը։

-Այդ սահմանը Հայաստանի աշխատաշուկայի հագեցվածությունն է։ Երբ դիպլոմավոր մասնագետները հավաքարար չեն աշխատի։ Մի թիվ ասեմ՝ երբ Հայաստանում գործազրկությունը լինի մոտ 20 տոկոս, եւ մարդիկ աշխատանք ընտրելու հնարավորություն ունենան։

Իսկ հիմա մարդիկ աշխատանք չունեն, տաքսի են վարում, օրը ութ տեղում էլ տուգանվում են, աշխատածը տալիս պետությանը։

 

Կներեն նաեւ բեռնատարների վարորդներին

2018թ. մարտի 15-ից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Տրանսպորտային տեսչության կողմից վերահսկողություն է իրականացվել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Վերահսկողության ընթացքում կայացվել է 81 վարչական ակտ, որից 20-ը որպես ծանրաքաշ բեռների փոխադրման (36-44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող), 21-ն՝ առանց հատուկ թույլտվության ծանրաքաշ բեռների փոխադրման եւ 40 վարչական ակտ՝ սռնու վրա թույլատրելի բեռնվածքի գերազանցման համար:

Այս խախտումների համար կազմված ակտերը նույնպես կներվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter