HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետը պարգևատրել է իրեն և աշխատակազմին

Երեկ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Պարզվում է, որ կարգադրություններով նմանատիպ պարգևատրում իրականացրել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարզպետ Հ. Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, ով մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է:

Ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափով), իսկ մյուսներին՝ 0,5756: Օրինակ, մարզպետի ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, նույնքան էլ պարգևատրում է ստացել, իսկ մարզպետի տեղակալների աշխատավարձը 529 հազար 120 դրամ է, և յուրաքանչյուրը պարգատրվել է 304 հազար 561 դրամի չափով: Այս կարգադրությամբ պարգևատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ:

Նշենք, որ մարզպետի 2018թ. դեկտեմբերի 21-ի կարգադրությամբ Արմինե Գալստյանի հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր: Նույն օրը մարզպետի մեկ այլ կարգադրությամբ Արմինե Գալստյանի քրոջ՝ Վիկտորյա Գալստյանի հետ դարձյալ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի օգնականի պարտականությունները կատարելու համար: Քույրերի նկատմամբ նշանակվել է փորձաշրջան՝ մեկ ամիս ժամկետով:

Մարզպետարանից տեղեկացանք, որ Վիկտորյան երկար տարիներ է աշխատում մարզպետարանում, եղել է գործավար, իսկ Արմինեն՝ մի քանի ամիս է, ինչ եկել է մարզպետարան:

Խաչիկ Ինջյանը մարզպետի օգնական է նշանակվել նոյեմբերի 8-ին և մոտ մեկ ամսվա աշխատող է եղել պարգատրման ժամանակ:

Նույն օրվա մեկ այլ կարգադրությամբ մարզպետը պարգևատրել է մարզպետարանի 14 աշխատակիցների, դարձյալ՝ 0,5756 գործակցով: Պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 2 մլն 460 հազար դրամ: Ստացվում է՝ նույն օրվա մարզպետի երկու կարգադրություններով մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրման նպատակով հատկացվել է 4 մլն 177 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter