
Լիլիթն այսօրվանից տուն ունի
Այսօր 13.000 դոլարով Լիլիթի և նրա ընտանիքի համար Սիփանիկում ձեռք բերվեց տուն: Գործարքին մասնակցում էր նաեւ Լիլիթը` մոր ու մորաքրոջ հետ: Լիլիթի երեսին ժպիտ հայտնվեց, երբ նոտարը շնորհավորեց նրանց տուն գնելու կապակցությամբ: Տունն ընտրել են Լիլիթն ու մայրը: Այն գտնվում է Սիփանիկ գյուղում` հենց իրենց վագոն-տնակի հարեւանությամբ: Տանը որոշ շինարարական աշխատանքներ ավարտված չեն, եւ կարիք կլինի նրանց կրկին աջակցել վերանորոգման հարցում:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ապրող 11-ամյա Լիլիթ Սարգսյանի մասին առաջին նյութը «Հետքում» հրապարակվել է 2011թ. նոյեմբերին: Նշել էինք, որ աղջիկը մուկովիսցիդոզով հիվանդ է, եւ վագոն-տնակը, որտեղ նա ապրում է մոր, եղբոր եւ տատի հետ, խիստ վտանգավոր է Լիլիթի կյանքի ու առողջության համար: Ընթերցողները մեկնաբանություններով աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Լիլիթին վագոն-տնակից տեղափոխելու նպատակով նոյեմբերի 28-ին երեխայի մոր` Կարինե Սարգսյանի անունով երեք փոխարժեքով հաշվեհամարներ բացվեցին: Հունվարի 26-ի դրությամբ հաշվեհամարներում հավաքվել էր 4 մլն 335 հազար դրամ, 1579 դոլար եւ 1005 եվրո, որով էլ գնվել է տունը, իսկ ավելացած գումարը փոխանցվել է Կարինեին:
«Հետքի» աշխատակազմը եւ Լիլիթի մայրիկը խորին շնորհակալություն են հայտնում այն հարյուրավոր քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնց ջանքերով Լիլիթն այսօր տուն ունի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել