HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ալեքսանդր Գուրջինյանը Իջևանում 800 տեսակի 4000 կակտուս է աճեցնում

Ալեքսանդր Գուրջինյանը Իջևանում կակտուսների ջերմոց է կառուցել։ Այնտեղ 800 տեսակի 4000 կակտուս է աճեցնում։ Ալեքսանդրի սերը կակտուսների նկատմամբ ծնվել է տասը տարեկանում, մոտ քսան տարի առաջ ձեռք է բերել հավաքածուի առաջին նմուշները։ 

Ասում է, որ ոմանք մետաղադրամ են հավաքում, ոմանք՝ նամականիշ, իսկ ինքը կակտուսների սիրահար է։ Առաջին ջերմոցը պապի հետ է կառուցել` Երեւանի Նորք-Մարաշի իրենց տան հարեւանությամբ։

Բույսերը հավաքորդի (կոլեկցիոներ) մոտ հետաքրքրություն են առաջացրել իրենց էվոլյուցիոն պատմությամբ, բամազանությամբ, ծաղիկների հետաքրքիր տեսքով։ Ալեքսանդրի ջերմոցում հիմա կան ծաղիկներ, որոնք միայն 1,5 -2 ժամ են ծաղկած մնում կամ առավելագույնը` երկու շաբաթ։

Ունի նաեւ 60-70 տարեկան բույսեր․ դրանք հազվադեպ հանդիպող տեսակներ են։  Հավաքորդն ասում է, որ ճիշտ խնամքի դեպքում բոլոր կակտուսներն էլ ամեն տարի ծաղկում են, իսկ դրա համար պետք է ամռանը պահել արեւի ուղիղ ճառագայթների տակ, ձմռանը՝ չջրել, թողնել, որ հանգստանան եւ քնեն․ «Եթե չեն քնում, դրա հետեւանքով էլ չեն ծաղկում»,- հավելում է Ալեքսանդրը։ 

Առաջին բուսատեսակները հավաքելիս Ալեքսանդրը հանդիպել է Հայաստանում ապրող հավաքորդներին, նրանց մոտ հանդիպող տեսակները ձեռք բերել, հետո՝ արտասահմանում ապրող հավաքորդների հետ համագործակցել։

Գերմանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Եվրոպայից բույսերի սերմեր է բերել եւ սկսել հազվադեպ պատահող բուսատեսակներ աճեցնել։ Կակտուս աճեցնելու դժվարություններից մեկն էլ այն է, որ կակտուսների շատ տեսակներ վեգետատիվ ճանապարհով չեն բազմանում, ուստի լավագույն ճանապարհը սերմեր ներկրելն է։

«Արտասահմանում կոլեկցիոներ ընկերներ ունեմ, իրար աջակցում ենք, եթե մեկիս մոտ ստացվում է ինչ-որ բուսատեսակից սերմ ստանալ, ապա փոխանակում ենք, հիմա փորձում եմ պահպանել հազվադեպ պատահող տեսակները կամ նրանք, որոնք դժվար է աճեցնելը։ Ես սիրում եմ բարդություններ ու մեծ սիրով աշխատում այս բույսերի հետ»,- պատմում է Ալեքսանդրը։ 

Այս գարնանը աշխատանքի նպատակով տեղափոխվել է Իջեւան` իր հետ բերելով նաեւ բույսերի ամբողջ տեսականին, եւ Լուսահովիտ գյուղում ջերմոց կառուցել։

Ալեքսանդրը կակտուսները չի վաճառում, մի քանի տարի առաջ ցուցահանդեսների է մասնակցել, բայց հիմա ջերմոցը բացում է ընկերների, հարազատների ու հետաքրքրվողների համար։

«Այս գործում ամենակարեւորն այն է, որ մարդիկ զգան` կակտուսները կենդանի օրգանիզմներ են, այդ դեպքում հեշտ կլինի հասկանալ, թե ինչի կարիք ունի բույսը։ Օրինակ՝ որևէ հիվանդություն նկատելիս կարելի է հասկանալ` արմատից է, թե արտաքին հիվանդություն է»,- ասում է Ալեքսանդր Գուրջինյանը։ 

Հավաքածուում հիմա կան բույսեր, որոնք 30 տարվա ընթացքում հավի ձվի չափ են դառնում, կան նաեւ տարվա մեջ մեկ մետր աճ գրանցողներ։

«Տարիների ընթացքում բույսեր կան, որ ոչնչանում են, շատ ծանր եմ տանում այդ ամենը։ Հաճախակի փոշոտումներ եմ անում, փորձում երիտասարդացնել։ Կակտուսները մեծ արժեք ունեն ինձ համար, երբեք չեմ վաճառի»-ասում է Ալեքսանդրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter