HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Իմ քայլ»-ի ՀՀԿ-ացումը. իրակա՞ն, թե՞ հորինած տրանսֆորմացիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափով անդրադարձավ ԶԼՄ-ներին, որոնք փորձում են «ՀՀԿ-ացնել» գործող իշխանություններին, Հայաստանի քաղաքական նոր էլիտան համարել «գյորմամիշ», հագուկապին անհարկի մեծ ուշադրություն դարձնող, չտես:

Նա նկատեց, որ նախկին իշխանությունների հետ նոր իշխանություններին նմանեցնում ենք, քանի որ թե՛ նախկինները, թե՛ նորերն ունեն երկու աչք, մեկ քիթ …

Նախկին և նոր իշխանությունների միջև, ինչ խոսք, կան էական տարբերություններ: Այն, որ գործող իշխանության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ կոռումպացված պաշտոնյա է, որ «կառավարությունը ժողովրդին չի թալանում», անժխտելի է: Այն, որ ՀՀ քաղաքացին, վերջապես, կարողացավ ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն՝ առանց ընտրակաշառքի, ևս փաստ է: Դա գնահատեցին նաև ՀՀ քաղաքացիները՝ ազատ, արդար ընտրություններին մասնակցելով և ՏԻՄ և ԱԺ ընտրություններում վարչապետին հայտնած  80-տոկոսանոց վստահությամբ: Բայց այս առավելությունները ֆիքսելու  մեկնակետը վարչապետ ընտրվելու օրն էր:

Հիմա փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է հիմնավոր «Իմ քայլ»-ը դաշինքին մեղադրել «ՀՀԿ-ացվելու» մեջ:  

Նախկին իշխանությունների կողմից ընդունված սահմանադրությամբ՝ Հայաստանը սուպերվարչապետական պետություն է. միայն Սերժ Սարգսյանին պետք է շարունակեին հաշվետու լինել ոստիկանությունը,  ԱԱԾ-ն: Այս գերատեսչությունների ֆորմալ կարգավիճակներն անգամ փոխվեցին՝  «կառավարությանը կից»-ը դարձավ  «վարչապետին առընթեր»։

Հետհեղափոխական Հայաստանը ևս սուպերվարչապետական երկիր է. կառավարության ծրագրում Սահմանադրությունը փոխելու մասին խոսք չկա: Դարձյալ միայն վարչապետին պիտի հաշվետու լինեն ոստիկանությունը, պետեկամուտների կոմիտեն, ԱԱԾ-ն: Երեքն էլ քաղաքական լուրջ կշիռ ունեցող գերատեսչություններ են, և խորհրդարանական կառավարման անցնելու տրամաբանությունն այն էր, որ այս կառույցները պիտի հաշվետու լինեն նաև ԱԺ-ին:

Մինչ հեղափոխությունը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դեմ էր ԱԱԾ-ն և, առհասարակ, ուժային կառույցները Սերժ Սարգսյանի ենթակայությանը թողնելուն: Արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում է. «ԱԱԾ-ն պիտի մնա վարչապետի ենթակայության ներքո»։ ԱԺ նախագահը չի ցանկանում հակառակվել Նիկոլ Փաշինյանին՝ անգամ  անսկզբունքային, պատեհապաշտ համարվելու վտանգն աչքի առաջ ունենալով:  

Առհասարակ, թե՛ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները, թե՛ ԱԺ մեծամասնությունը իրենց հեղինակության մասին առանձնապես չեն հոգում: Դա ակնհայտ դարձավ ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ: Երբ ՀՀԿ-ին բնորոշ լուսանկարներ ենք փնտրում, անմիջապես հայտնվում է լուսանկարների շարք՝ ՀՀԿ-ական վերնախավը միաձայն, մեկ մարդու պես ձեռք է բարձրացնում: Ոչ մի «ձեռնպահ» կամ «դեմ»… 88 հոգուց կազմված ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկում է նույն սկզբունքով՝ ինչպես կասեն վերևից, ինչպես պետք է կամ ինչպես հարմար է գտնում առաջնորդը: Ինքնուրույնությունը, սեփական տեսակետ ունենալը «Իմ քայլ»-ում ևս, փաստորեն, չի խրախուսվում:  

Բավական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է լուրը, թե ոստիկանապետ է նշանակվելու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Այս լուրը  չի հերքվել: Մինչ օրս հանելուկ է, թե ինչու՞, առհասարակ, Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Վարչապետի ոչ համոզիչ հիմնավորումները, թե Հունան Պողոսյանը պետք է ջարդի Սյունիքով անցնող նարկոթրաֆիկի ողնաշարը, պայքարի տեղի կրիմինալի դեմ, միաձայն սկսեցին կրկնել նրա թիմակիցները: Այդպես նաև ՀՀԿ-ականներն էին արդարացնում իրենց ղեկավարի յուրաքանչյուր քայլը:

Նիկոլ Փաշինյանը համեստ կենցաղով է ապրել մինչ վարչապետ ընտրվելը: Այն, որ  վարչապետ դառնալուց հետո նրա կյանքին, կենցաղին ԶԼՄ-ները խոշորացույցով են հետևելու, բնական է:  Որևէ մեկը չի կարող շահարկել փաստը, որ երկրի ղեկավարը զրահապատ մեքենայով է շրջում: Կամ Արցախ է մեկնում ուղղաթիռով: Եվ «Զրույց քաղաքացու հետ» ֆորմատով վարչապետի անդրադարձն այս խնդրին, իմ կարծիքով, լեքսիկոնի, զրույցի մակարդակի առումով ուղղակի պատշաճ չէր երկրի ղեկավարին. «Բա կարողա՞ էշով պիտի գնայի»:

Երբ ղեկավարը իշխանության է գալիս հեղափոխության ճանապարհով, դա ենթադրում է հեղափոխություն նաև արտաքին ատրիբուտիկայի, վարքագծի առումով: Վստահության քվեն տալով՝ մարդիկ քվերակել են՝ ըստ իրենց ակնկալիքների: Հետևաբար, ՀՀԿ-ականների և «Իմ քայլը»-ը խմբակցության քեֆերի համեմատությունը չպետք է նյարդայնացնի վարչապետին:

Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները, երկրում աղքատության մակարդակը, ղեկավարի անբիծ իմիջի ակնկալիքը սրում է մարդկանց ընկալումները և անհասկանալի դարձնում, թե ինչու պետք է, դիցուք, վարչապետը անգամ աշխատանքից հետո, անգամ իր ազատ ժամանակի հաշվին, «նոմենկլատուրային» խնջույքների մասնակցի, պարահրապարակից դուրս չգա, չհանդուրժի նախկինում իր կողմից կրիմինալ կապիտալի խորհրդանիշ համարվող Սամվել Ալեքսանյանի «ճաշակով», «Նիկոլ»  կոնֆետները, իր պատկերով «Վարչապետ» օղին:

Գուցե խիստ ենք մեր ակնկալիքներում կամ ոչ արդարացիորեն չափազանցված են մեր ակնկալիքները, սակայն հեղափոխությամբ երկրի ղեկավար դարձած պաշտոնյայից (անձն այս դեպքում էական չէ) սպասում ենք գրեթե ասկետի կյանք, իր երկրի ճակատագրով անհանգիստ, հագուկապի հանդեպ՝ պակաս մտահոգ, անգամ՝ անտարբեր ղեկավարի: Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը, օրինակ, հայտնի էր իր ասկետիզմով. նրա հագին մշտապես նույն մուգ, պարզ զգեստն էր, սակայն դա չէր սահմանափակում նրան իր երկիրն աշխարհի ամենահզորը դարձնելու գործնական քայլերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրիենտիր է իր թիմի, ութսուն տոկոս ՀՀ քաղաքացիների համար, որոնք իրենց վստահությունն են տվել նրան:  Իրենից եկող ազդակներն են պատճառը, որ, դիցուք, պատգամավոր Հայկ Սարգսյանն իրեն թույլ է տալիս կապկել վարչապետին ու նրա բաճկոնից պատվիրել: Խնդիրը ոչ թե բաճկոնն է, այլ այն, թե այդ պատգամավորը որքան ժամանակ է հատկացրել անարժեք այդ մտքի վրա՝ ձեռք բերել նույն բաճկոնից, գնալ, պատվիրել այն նույն դերձակի մոտ, մի քանի անգամ էլ «պրիմերկայի» գնալ և այլն… Խնդիրը սա է՝ ինչի՞ վրա են ծախսում իրենց թանկ ժամանակը երկրի ղեկավարն ու նրա թիմը: Ի՞նչ առաջնահերթություններ ունեն անգամ ազատ ժամանակը տնօրինելիս:

Ու, առհասարակ, նրա թիմակիցները պետք է գնահատեն վարչապետի ժամանակն ու իրենց ծնունդ-կնունքներին ներկայացուցչականություն ապահովելու համար չակնկալեն նրա ներկայությունը: Այդ ազդակը նրանց պետք է ուղղի հենց վարչապետն ինքը: Սերժ Սարգսյանն էլ հայտնի էր ծնունդ, հարսանիք գնալու, պարելու իր թուլությամբ: Ու դա չէր ընկալվում:

Նախկին իշխանություններն անսահմանափակ փող ունեն և կարող են իրենց թույլ տալ ունենալ կառավարելի ԶԼՄ-ներ: Նոր իշխանությունների առաջ, սակայն, այդ ԶԼՄ-ներն անզոր կլինեն, եթե կառավարությունն իր ողջ ներուժը դնի երկիրը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ՝ դրա համար զոհելով ծնունդներին պարահրապարակներից դուրս չգալու՝ թող որ մարդկային ցանկությունը: Հավատացնում եմ, քաղաքացիները դա չափազանց կգնահատեն:

Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter