
Նույն օրը՝ պարգևատրման երկու կարգադրություն
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018թ. դեկտեմբերի 25-ի թիվ 317-Ա և 318-Ա կարգադրություններով պարգևատրել է իրեն և մարզպետարանի ևս 21 աշխատակիցների: Նույն օրվա երկու կարգադրություններով էլ պարգևատրվողները նույն անձինք են՝ մարզպետը, տեղակալները, խորհրդականներ, օգնականներ, վարչության պետեր և այլն:
Թիվ 317-Ա կարգադրությամբ՝ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 51,82 %-ի չափով, իսկ 318-Ա կարգադրությամբ՝ 15,34 %-ով: Օրինակ՝ մարզպետի պաշտոնային դրույքաչափը՝ հիմնական աշխատավարձը, կազմում է 661,400 դրամ: Առաջին որոշումով մարզպետն ինքն իրեն պարգևատրել է 342,740 դրամ, իսկ նույն օրվա երկրորդ կարգադրությամբ՝ 101,460 դրամ:
Նույնը վերաբերում է մարզպետի երեք տեղակալներին՝ Նարեկ Բաբայանին, Գոռ Թադևոսյանին և Հերմինե Համբարձումյանին: Վերջիններիս հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ: Մարզպետի երկու կարգադրություններից մեկով ստացել են 274,190 դրամ, մյուսով՝ 81,170 դրամ:
Մարզպետի երկու խորհրդականները՝ Արմինե Ավագյանն ու Նարեկ Դավթյանը, ստանում են 314,165 դրամ: Նրանք ևս պարգևատրվածների ցանկում են, յուրաքանչյուրը ստացել է մոտ 211 հազար դրամ:
Անմասն չեն մնացել նաև մարզպետի երկու օգնականները՝ Կարեն Հովհաննիսյանը և Արտյոմ Իվանյանը: Երկու կարգադրություններով նրանք պարգևատրվել են յուրաքանչյուրը 199,888 դրամ: Յուրաքանչյուրը մոտ 133,250 դրամի պարգևատրում են ստացել նաև մարզպետի տեղակալների օգնականները՝ Ավետիք Ավետիսյանը, Արմեն Ավագյանը և Կամո Հակոբյանը:
Նույն տոկոսադրույքներով պարգևատրվել են նաև վարչության պետերն ու գլխավոր մասնագետները:
Մեկնաբանել