HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային բարեփոխումներ․ կառավարության «նեղ մասնագիտական» վերլուծությունը հասանելի չէ հանրությանը

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և համահարթեցրած հարկային համակարգին անցնելու գործընթացը սկսվել է դեռ անցած տարվանից։

Հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին հարկային համակարգում փոփոխությունների իրականացման առաջարկությունները։
Առաջարկվող փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից կգործի 23 % եկամտահարկի միասնական դրույքաչափ, որն աստիճանաբար կնվազեցվի և մինչև 2023 թվականը կկազմի 20 %: Ներկայում գործում է պրոգրեսիվ եկամտահարկ՝ 23, 28 և 36 % դրույքաչափերով։ Նախատեսվում է նաև ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում, ինչը նշանակում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների գնաճ, մեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափերի բարձրացում, քաղաքացիների կողմից ծառայություններից օգտվելու համար սահմանված որոշ պետական տուրքերի բարձրացում և այլ համակարգային փոփոխություններ (առաջարկվող փոփոխությունների ամբողջական փաթեթը տես այստեղ

Նոր հարկային համակարգի առաջարկություններն ու հիմնավորումները արդեն արժանացել են մասնագիտական քննադատության, մասնավորապես՝ խնդրականացվել են հարկային համակարգի բարեփոխումների ռիսկերի գնահատումը, եկամտահարկերի դրույքաչափերի փոփոխման և ստվերի նվազման միջև կապը, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ով է շահում և ով է տուժում եկամտահարկի փոփոխությունից, և որքանով է համահարթեցրած հարկային համակարգը հակասում համերաշխությանը և վտանգում տնտեսական աճը։ Հարկերի համահարթեցման վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել նաև մի շարք քաղաքացիներ։ Իրավական ակտերի հրապարակման e-draft.am կայքում քվեարկության մասնակիցների 90 %-ը դեմ է քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկին։

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Պրոգրեսիվ հարկումն ընդդեմ համահարթեցման» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց հարկերի համահարթեցման վրացական փորձը, ելույթ ունեցան ոլորտի տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ով ներկայացնում էր փոփոխությունների առաջարկությունները։ Առաքելյանը հանդիպման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին պատասխանելուց նշեց, որ հարկային բարեփոխումների մասով Կառավարությունը լուրջ վերլուծություններ, հետազոտություններ է իրականացրել հարկային համակարգում՝ փոփոխությունների առաջարկներ անելու համար, և դրանք հնարավոր է ներկայացնել հանրությանը։

Ուստի, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի տված հնարավորություններից, նոյեմբերի 11-ին հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ խնդրելով տրամադրել հարկային բարեփոխումների վերաբերյալ Կառավարության կողմից իրականացված (կամ իրականացումը երրորդ կողմին պատվիրած) վերոնշյալ վերլուծություններն ու հետազոտությունները։

Երկու օր անց ստացանք պատասխան, ըստ որի՝ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում։

Նոյեմբերի 22-ին ստացանք հարցման պատասխանը, բայց ոչ վերլուծություններն ու հետազոտությունները։ Փաստաթղթերը չտրամադրելու հիմնավորման մեջ ասված է, որ դրանք «նեղ մասնագիտական բնույթի աշխատանքային փաստաթղթեր են», որոնց հանրայնացումը «չի նպաստի այս կարևորագույն գործընթացն ավելի մասնակցային և արդյունավետ դարձնելուն»։ Վերլուծությունները չտրամադրելու հետ մեկտեղ պատասխանի մեջ նշված է, որ չի բացառվում վերլուծությունների հրապարակումը։ Նշենք, որ դրանք դեռ չեն հրապարակվել և չեն հանրայնացվել։

Հարց է ծագում, թե ինչպես և ինչ սկզբունքներով առաջնորդվելիս է որոշվել, որ հետազոտությունների ու վերլուծությունների տրամադրումը չի նպաստի «գործընթացի ավելի մասնակցային ու արդյունավետ դարձնելուն» կամ թե ինչպես այդ փաստաթղթերի նեղ մասնագիտական լինելը որևէ կերպ կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Կարծում ենք, որ տնտեսության կամ այլ ոլորտների հետ կապված բոլոր վերլուծությունները մասնագիտական բնույթի են և պետք է հասանելի լինեն և՛ հանրությանը, և՛ լրագրողներին, իսկ կառավարության թափանցիկ գործելաոճը, տեղեկատվության տրամադրումը սահմանվում է տեղեկատվության ազատության մասին օրենքով, որը չի կարող կախված լինել հարցի մասնագիտական կամ ոչ մասնագիտական լինելուց։

Ստացած պատասխանում նաև նշված է, որ «նախատեսվող փոփոխությունները ՀՀ Ֆինանսների նախարարությունում քննարկվել են ոլորտը ներկայացնող հարկ վճարողների հետ»։ Սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի նորություններ բաժնում սեպտեմբեր ամսից սկսած մինչև այսօր Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին կա ընդամենը երկու նյութ։ Մեկը դեկտեմբերի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանի՝ առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի մասին նյութն է։ Մյուսը՝ Ֆինանսների նախարարությանը կից գործող Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի՝ նոյեմբերի 23-ին հրապարակված նիստի մասին նյութը։ Աուդիտորների Պալատ ՀԿ-ի նախագահ Նաիրի Սարգսյանի հարցազրույցից տեղեկանում ենք, որ նա մասնակցել է այս նիստին, սակայն դրան ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների և տարբեր ոլորտների տնտեսվարողների առաջարկությունները, ըստ երևույթին, մերժվել են, և որևէ փոփոխություն նախագծում չի արվել։

Ի դեպ, այս նիստից մեկ օր առաջ ստացած հարցման պատասխանում նշված էր, որ այս խորհրդի առաջիկա նիստին կհրավիրվի նաև մեր թերթի ներկայացուցիչը, սակայն մինչ օրս հրավեր չենք ստացել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկել նորընտիր ԱԺ-ում փետրվար ամսվա առաջին կեսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter