
Կառավարությունն աջակցում է «Հանա-տրանս» ընկերությանը
Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է «Հանա-տրանս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. փետրվարի 20-ից մինչև 2012 թ. մարտի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. փետրվարի 20-ը։
Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց' հետագայում այն «Հանա-գրուպ» ընկերության միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք' ապահովելով «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգիայի ստացում։
Բեռնափոխադրումը կազմակերպելու համար ՍՊԸ-ն արտերկրից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենա' այդ նպատակով ներդնելով մոտ 1.9 մլրդ դրամ։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ' 180 հազար դրամ միջին աշխատավարձով։
«Այս ծրագիրն ունի ազգային անվտանգության լրջագույն բաղադրիչ, - ասել է Տիգրան Սարգսյանը։- Սրանով էապես ամրապնդվում է մեր էներգետիկ անվտանգությունը, մեծանում են մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը և արդյունավետությունը։ Բացի այդ, կառուցվելու և շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ։ Դրանով հումք է տեղափոխվելու Հայաստան, և մեր էներգետիկ համակարգը ձեռք է բերելու լրացուցիչ ռեսուրս, որը նաև նվազեցնելու է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը չափազանց կարևոր է։ Սա նաև խթանելու է տնտեսական աճը 2012 թվականին։ Մեծածավալ ներդրումներ են կատարվում այս ոլորտում, և սա ևս մեկ քայլ է մեր էներգետիկայի բնագավառում ինքնաբավության և անվտանգության աստիճանը բարձրացնելու առումով»։
Մեկնաբանել