HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի աղբատար ավտոմեքենաների մեծ մասը 80-ականների արտադրության է

Էջմիածին համայնքում աղբահանությունը կատարվում է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող Բնակարանային կոմունալ վարչության կողմից: Աղբահանության կազմակերպման նպատակով օգտագործվում է 18 միավոր տեխնիկա, որոնց զգալի մասը ֆիզիկապես մաշված են: Աղբահան մեքենաներից ամենահինը «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենան է, որն արտադրվել է 41 տարի առաջ, իսկ ամենանորը՝ 3 տարի առաջ արտադրված «KAMAZ» մակնիշի ավտոմեքենան է: Աղբահանության համար օգտագործվող ավտոմեքենաների թվում կան նաև էքսկավատորներ և տեխնիկա:

Էջմիածնի քաղաքապետարանից «Հետք»-ին տեղեկացրել են, որ աղբատար ավտոմեքենաներից միայն 5-ն է կառուցվածքով նախատեսված աղբահանության համար, մնացած 10-ը պարզապես ծածկվում են վրաններով: Շաբաթվա տարբեր օրերին հետևել ենք աղբատար ավտոմեքենաների շարժին և այդպես էլ վրանով ծածկված ավտոմեքենա չենք նկատել: Ճիշտ հակառակը, աղբ տեղափոխող «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները քաղաքում շրջում են բաց և թեթև քամու դեպքում, աղբ հանդիսացող պոլիէթիլենային տոպրակները և թեթև իրերն ավտոմեքենայից դուրս են թռչում:

Հին են ոչ միայն քաղաքի աղբատար ավտոմեքենաները, այլև մեծ աղբարկղերը: Նկատել ենք նաև, որ քաղաքի հատկապես ծայրամասային հատվածներում վիճակն ավելի անմխիթար է: Մասնավորապես՝ կառուցվածքով աղբահանության համար նախատեսված ավտոմեքենաները դժվարությամբ են մեծ աղբարկղերը դատարկում, քանի որ դրանք երկաթից են և գրեթե ամբողջությամբ քայքայված: Դատարկելու ժամանակ աղբի զգալի մասը թափվում է գետնին: Պատճառն այն է, որ աղբամանների տակի հատվածը կոռոզիայի է ենթարկվել և մասամբ քայքայված է: Աղբամանները դատարկելուց հետո բանվորները աղբի կեսը գետնից հավաքում են ձեռքով:

Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ քաղաքապետարանի սպասարկման տարածքում տեղադրված են 338 մեծ աղբամաններ, որոնցից 60-ը ենթակա է փոփոխման:

«Այս շաբաթվա ընթացքում բարերարի կողմից համայնքին հատկացվելու է նոր ժամանակակից աղբատար մեքենա: Իսկ համայնքապետարանի միջոցներով տեղադրվելու են 50-80 հատ նոր աղբամաններ: Դրանք տեղադրվելու են քաղաքի կենտրոնական հատվածներում: Իսկ կենտրոնական մասի բարվոք վիճակում գտնվող աղբամանները կփոխարինեն ծայրամասերում շարքից դուրս եկած աղբամաններին»,- ասում է Մ. Պողոսյանը: Նրա խոսքերով՝ փոխվելու են նաև քաղաքի տարբեր մասերում տեղադրված փոքր աղբամանները, մշակվում է գնման պլան:

Նշենք, որ մեկ շնչի հաշվով աղբահանության վճարը 200 դրամ է: Համայնքապետ Դիանա Գասպարյանի փոխանցմամբ՝ հավաքագրված գումարներով հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել քաղաքի աղբահանության կազմակերպումը: Օրինակ՝

2018թ. բնակչությունից և իրավաբանական անձանցից մուտքագրված աղբահանության գումարը կազմել է մոտ 100 մլն 159 հազար դրամ: Մինչդեռ այդ նպատակով ծախսվել է մոտ 163 մլն 663 հազար դրամ: Քաղաքապետարանը համայնքային բյուջեից աղբահանության համար հավելյալ հատկացրել է 63 մլն 505 հազար դրամ:

Նշենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Համայնքների միության կողմից Էջմիածինը 2018թ. ճանաչվել է «Մաքուր համայնք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter