2018 թվականին 556 ընկերություն պետությունից հարկ է թաքցրել
2018 թվականին ՊԵԿ քննչական վարչությունում հարկեր թաքցնելու դեպքերի վերաբերյալ հարուցվել կամ ստացվել է 267 քրեական գործ՝ նույն թվով ընկերությունների վերաբերյալ։ Այդ քրեական գործերով պետությանը պատճառված վնասի թիվը դեռևս ամբողջապես հստակեցված չէ: Իրենց մեղքը ընդունած ընկերություններից որոշներն արդեն իսկ պետական բյուջե են վճարել 6 միլիարդ 918 միլիոն դրամ կամ 14. 2 միլիոն դոլար:
Այս տեղեկությունները «Հետք»-ին տրամադրել է Պետական եկամուտների կոմիտեն, որտեղից փորձել ենք ճշտել նաև խոշոր հարկեր թացրած ընկերությունների մասին տեղեկություններ, սակայն կոմիտեն հրաժարվել է դրանք փոխանցել՝ նշելով, որ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք և տրամադրման ենթակա չեն:
2018թ.-ի համեմատ՝ 2017-ին ընկերությունների հարկեր թաքցնելու դեպքերի բացահայտումն առավել շատ է եղել, իսկ վերականգնված գումարը՝ ավելի քիչ։ 2017-ին հարկեր թաքցնելու վերաբերյալ հարուցվել կամ ստացվել է 325 քրեական գործ՝ 325 հարկ վճարողների վերաբերյալ:
Այդ քրական գործերով ևս պետությանը պատճառված վնասի թիվն ամբողջապես հստակեցված չէ։ Սակայն 2017 թվականի ընթացքում պետական բյուջե մուտքագրվել է 5 միլիարդ 491 միլիոն դրամ։
Հստակ չենք կարող հաշվարկել, թե այդ տարիներին որքան հարկեր են թաքցրել ընկերությունները, և թե այդ հարկերից որքան կվերականգնվի պետական բյուջե, քանի որ դրանցից որոշներով դատական գործեր կան, որոնք դեռ քննության փուլում են:
ՊԵԿ հետաքննության վարչությունը ևս բացահայտել է հարկեր թաքցնելու դեպքեր. 2018-ին՝ 289 ընկերություն է նման փորձ արել (վերականգնվել է 2 միլիարդ 716 միլիոն դրամ), 2017-ին՝ 246 ընկերություն (վերականգնվել 1 միլիարդ 661 միլիոն դրամ):
Եթե ամփոփենք հարկեր թաքցրած ընկերությունների մասին տվյալները, կստացվի այսպիսի պատկեր.
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեն բացահայտեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր և եղբորորդու «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունը ևս պետությանը 300 միլիոն դրամի վնաս է պատճառել՝ հասանելիք հարկերը թաքցնելով և չվճարելով։ Իսկ այսօր ՊԵԿ-ը հայտնեց, որ «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ընկերությունն է պետությանը խոշոր չափի՝ 200 միլիոն դրամի վնաս հասցրել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել