HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչ է պատահում, երբ շինարարը խիղճը թաղում է կոյուղատարում. Կառնուտի դպրոցի ոդիսականը

Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքներում իշխող գարշահոտությունը, որ տարածվում է սանհանգույցներից, քիթդ է մտնում տարածք մուտք գործելու պահից սկսած: Երկհարկանի գեղեցիկ կառույցը, որտեղ 2018թ. մայիսի 8-ին գրանցվել էր փլուզում, հիշեցնում է փայլուն թղթով փաթեթավորած որդնած շոկոլադ: 16 տարի առաջ կառուցված երկհարկանի դպրոցում առկա խնդիրները պարզվում է` նոր չեն, դրանք սկսվել են շահագործումից ընդամենը 2-3 տարի անց, մեկ անգամ տրվել է մասնակի լուծում, վերացվել են աչքին տեսանելի հետեւանքները՝ խորքային պատճառն այդպես էլ թողնելով «անձեռնմխելի»:

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցը եւս տուժել էր երկրաշարժից՝ փլվել էին աստիճանները: Այն ժամանակ, ինչպես Գյումրիում, այնպես էլ շատ գյուղական համայնքներում, աղետից վնասված կառույցները հիմնականում քանդում էին: Նույն բախտին արժանացավ նաեւ Կառնուտի դպրոցը, թեեւ ներկայում կարծիք կա, որ կարելի էր մեկ մասնաշենքը պահպանել՝ Հացիկ գյուղի դպրոցի օրինակով: Մինչեւ 2002թ.-ը ուսումնական գործընթացները կազմակերպվել են հարմարեցված ժամանակավոր կառույցում:

Դպրոցի ներկայիս տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը, որ ծնունդով Կառնուտ գյուղից է, 2-րդ դասարանից հաճախել է տնակային դպրոց, հետագայում, ինստիտուտում ուսանելուն զուգահեռ, դասավանդել այնտեղ: Հիշում է, որ սկզբնական շրջանում անգամ կաթսայատուն եւ կենտրոնացված ջեռուցում ուներ ժամանակավոր կառույցը:

«Բայց հետո շարքից դուրս եկավ համակարգը, ու մենք էլ ձմռան ամիսներին մնացինք վառարանների հույսին, ինչպես շատ դպրոցներում: Հետո արդեն 2001թ.-ին սկսվեց նոր դպրոցի կառուցումն ու մեկ տարի անց արդեն մենք տեղափոխվեցինք նորակառույց շենք: Առաջին մեկ-երկու տարին հոյակապ էր, բայց հետո միանգամից սկսվեցին պրոբլեմները»,-նկատում է Հայկուհի Հովհաննիսյանը:

2008թ.-ից դպրոցի տնօրինությունը սկսում է դիմում-նամակներով ողողել պատկան ատյաններին: Հայկուհի Հովհաննիսյանի տրամադրած արխիվային լուսանկարներում հստակ երեւում են քայքայված պատերը, փտած հատակը, պատուհանների վատ վիճակը եւ այլն: Բոլոր նամականերն այս լուսանկարներով ուղղվել են մարզպետարան, սակայն մնացել են անարձագանք, մինչեւ բախտորոշ քամու հետեւանքով տանիքից զրկվելը:

2014թ.-ին ուժեղ քամուց պոկվում է դպրոցի տանիքը: Մարզպետարանում, վերանայելով շինության հետ կապված մյուս պրոբլեմներն էլ, որոշում են հատկացնել մոտ 18 մլն դրամ՝ տանիքը փոխելու եւ դպրոցում հիմնանորոգում իրականացնելու նպատակով:

2014թ.-ին Կառնուտի դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթում է «Ուստիան» ՍՊԸ-ն, որ ներկայում լուծարված է: Կազմակերպությունն իրականացնում է ներքին հարդարման աշխատանքներ՝ պատերի ներկում, երկու հարկերի դասասենյակների փայտե հատակների նորացում, ինչպես նաեւ ամբողջովին փոխում է տանիքը: Սանհանգույցների հարցը, որ թերեւս ամենագլխավորն էր այս կառույցի համար, այս անգամ էլ է շրջանցվում: Հավանաբար մարզպետարանի համապատասխան վարչությունում բարձրացված հարցին շատ լուրջ չեն վերաբերել՝ մտածելով, որ երբ գումար լինի, խնդրին կանդրադառնան, մանավանդ, որ դպրոցի 6 սանհանգույցից 2-ը գործել են: Սակայն անցած տարի մայիսին գրանցված փլուզումը պիտի հակառակն ապացուցեր՝ գումարներ ծախսվել են վերացնելու արտաքնապես, աչքին տեսանելի թերություն-հետեւանքները՝ խորքային պատճառն այդպես էլ թողնելով շենքի հիմքերի տակ:

«Ես հենց ստանձնեցի դպրոցի ղեկավարումն, առաջին բանը, որ արել եմ, մարզպետարան դիմելն է եղել սանհագույցների հարցով,- ասում է Հայկուհի Հովհաննիսյանը,- առաջին նամակս եղել է մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, հետո երկու նամակ եմ գրել հաջորդ մարզպետի՝ Արթուր Խաչատրյանի անունով, դիմել եմ նաեւ Կարեն Սարուխանյանի նշանակվելուց հետո: Վերջին նամակիս բովանդակությունն արդեն այլ էր, քանի որ փլուզումը տեղի էր ունեցել ու հստակ աջակցություն էր անհրաժեշտ»:

Կառնուտի միջնակարգ դպրոցը 2001թ.-ին կառուցվել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից՝ «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության համաֆինանսավորմամբ, համայնքի անունից ներդրում կատարել է «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպությունը`ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեյթրոյթ քաղաքում բնակվող Ջոն եւ Ռոզ Մանուկյանների ֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացրել է «ԼՈՒՍԱՇ» ՍՊԸ-ն, շինարարության արժեքը, ըստ փաստաթղթերի, 71 մլն դրամ է: «Վերջերս մեր շենքի կադաստրային արժեքը վերցրեցի՝ 16 տարի անց գնահատվում է 12 մլն դրամ»,- նկատում է տնօրենը:

                                                                

Շենքում 6 սանհանգույց կա՝ երկուական առաջին եւ երկրորդ հարկերում՝ նախատեսված դպրոցականների համար, մեկ սանհանգույց տնօրենի աշխատասենյակին է կից կառուցված եւ մեկ սանհանգույց էլ ուսուցիչների համար: Հայկուհի Հովհաննիսյանի փոխանցմամբ, դպրոցի շահագործման օրվանից իր կաբինետին կից սանհագույցն ընդհանրապես չի գործել: Շահագործումից 10 տարի անց փակել են արեւմտյան հատվածում տեղակայված առաջին եւ երկրորդ հարկերի սանհանգույցները, ասում է՝ խողովակները խցանվել էին, ջուրը չէր քաշում: 138 աշակերտի եւ նախակրթարանի սաների համար դպրոցում բաց են միայն երկու սանհանգույցները:

«Իրականում չի թույլատրվում, մանավանդ որ նախակրթարանի փոքրիկները չպետք է օգտվեն մեծերի համար նախատեսված սանհանգույցից, բայց այս պահի դրությամբ այլ ելք չունենք: Ընդհանրապես շատ անորակ շինարարություն են արել ի սկզբանե: Դպրոցի բակի ասֆալտը երկու տարի անց իսպառ քայքայվեց, 4 տարի անց սկսվեցին քայքայվել պատերը, հատակի փայտը, լուսամուտները շարքից դուրս եկան: Սկզբում մտածում էինք, որ երեւի սողանքային գոտում են կառուցել, ուժեղ անձրեւների ժամանակ սելավի ջրերը լցվում են շենքի հիմքերի տակը, շենքի խոնավությունը դրանից է, ու՞մ մտքով կանցներ, որ զուգարանների կեղտաջրերն են տարիներ շարունակ լցվում»,- ուսերն է թոթվում Հայկուհի Հովհաննիսյանը:

Կառնուտ գյուղում չկա կոյուղատար համակարգ: Դպրոցի կոյուղու հարցը շինարարը լուծել է շենքի հետնամասում երկու սեպտիկ հոր կառուցելով: Այլ է հարցը, թե սանհանգույցից մինչեւ սեպտիկ հոր ընկած ճանապարհին ինչպիսի թերացումներ են գրանցվել: «Ծնողները, որ տեսան անընդհատ բողոքելուց ոչ մի բան դուրս չի գալիս, դիմեցին ինձ, թե` ընկեր Հովհաննիսյան, մենք տունը 3000 դրամ կհավաքենք, սանհանգույցները կնորոգենք, մեղք են մեր երեխաները,- պատմում է տնօրենը:- Էդ ժամանակ մարզպետն արդեն Արթուր Խաչատրյանն էր, ես նամակով դիմեցի իրեն, որ թույլատրեն ծնողներն իրենց նախաձեռնությամբ նորոգումն անեն: Թույլտվությունը ստացանք, ասեմ, որ նախաձեռնության հեղինակն էլ մեր գյուղից ընտրված ավագանու անդամ Ժիրայր Գապոյանն էր: Աշխատանքները սկսեցին 2018թ.-ի ապրիլին, երկրորդ հարկը նորոգեցին, իջան առաջին հարկ, աշխատանքները համարյա ավարտել էին, որ փլուզումն եղավ»:

Հայկուհի Հովհաննիսյանը փլուզման օրը զանգահարել է ԱԻՆ, սակայն դեպքին պատշաճ արձագանք չի եղել: Փլուզման արդյունքում պարզվել է, որ շենքի տակ դատարկ է: Մինչ այդ էլ, շինարարների ինքնաստեղծ խումբը պարզել էր, որ սեպտիկ հորերը չոր են, այսինքն` կեղտաջրերը գնում են այլ ուղղությամբ՝ այս դեպքում շենքի տակ: Երբ սկսել են ձողերի օգնությամբ ստուգել խողովակների անցանելիությունը, պարզվել է, որ 2002թ.-ին շինարարը դպրոցը շահագործման է հանձնել կոյուղատար համակարգի խողովակները կիսատ տեղադրած:

«Դրա համար էլ որոշում կայացրեցին պատը ծակել ու խողովակները դուրս բերել էդ ձեւով, հասցնել մինչեւ սեպտիկ հոր, այլապես պիտի երկու մետր իջնեին շենքի տակ, որը վտանգավոր էր: Բայց դե փլուզումից հետո ստիպված եղանք բոլոր տեսակի աշխատանքները դադարեցնել»:

Շիրակի մարզպետարանին 2018թ.-ի աշնանը կառավարության կողմից հրատապ ծրագրերի համար հատկացված գումարների շրջանակում Կառնուտի դպրոցին հատկացվել է 15 մլն դրամ: Նախագծանախահաշվային աշխատանքները 500 հազար դրամի սահմաններում իրականացրել է Ախուրյանի համայնքապետարանը, որի կազմում է գտնվում Կառնուտ գյուղը խոշորացումից հետո: Շինարարական կազմակերպությունը դեռ հայտնի չէ, տնօրենն ասում է՝ դեռ մրցույթ չեն հայտարարել: Գումարն ամբողջությամբ չի ծախսվելու սանհանգույցների նորացման, խողովակների տեղադրման եւ սալիկապատման վրա:

«Անպայման պետք է արեւելյան հատվածի դասասենյակների պատուհանները նորացվեն, որ կարողանանք ջերմամեկուսացում ապահովել: Հյուսիսային հատվածում տարիներ առաջ են նորերը տեղադրվել: Փորձելու եմ էլեկտրալարերի հարցը լուծել: Գյուղը գազիֆիկացված չէ, դպրոցը տաքացնում ենք էլեկտրական տեների միջոցով, բայց էնքան վատ լարային համակարգ ունենք, որ մի ավել բան միացնում ենք՝ հրդեհվում է լարվածությունից: Դպրոցում կարողանում ենք հազիվ 15 աստիճան ապահովել, միջանցքներն ընդհանրապես չեն տաքացվում,- դժգոհում է տնօրենը,- ապագայում, կարծում եմ, հնարավոր կլինի խնդիրը լուծել արեւային համակարգեր տեղադրելով: Ինձ ասեցին` որոշակի գումար է ավելանում՝ ուզեցի, որ մի քանի դուռ էլ փոխվի: Բայց, իհարկե, էս ամբողջի մեջ ամենակարեւորը բարեխիղճ շինկազմակերպության հետ գործ ունենալը կլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter