HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային կառույցները և մենք. ու՞ր է գնում Հայաստանը

Սոֆյա Մանուկյանը

Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների գործունեության մասին Հայաստանի լայն հանրությունը շատ է լսում հատկապես վերջին տարիներին ակտիվ բնապահպանական շարժումների հետևանքով:

Օրինակ, Ամուլսարում հանք շահագործելուն դեմ արտահայտվողները, կամ Երևանում նոր աղբավայրի ավելի կանաչ ծրագիր պահանջողերը մշտապես բարձրաձայնում են ոչ միայն պետության հեռանկարային քայլերի կարևորությունը, այլև հարցադրում են նշված ծրագրերում միջազգային բանկերի ներգրավածությունը, այնպիսի կառույցների, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, նրա մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը և այլն:

Ընդ որում բավական է ուսումնասիրել այն չափանիշները, որոնցով այս բանկերը ֆինանսավորում են ծրագրեր Հայաստանում և նման այլ երկրներում, և հասկանալի է դառնում, որ նրանցից կախվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն այդ երկրների, այլև ողջ մոլորակի ներկայի և ապագայի համար: Սակայն խնդիրը միայն բնապահպանական չէ: Բավական է ավելի լայն նայել և ուսումնասիրել, օրինակ, Հայաստանում (ու իր պես երկրներում) սոցիալական ոլորտում կառավարման մոդելները, ու հասկանալի է դառնում, որ միջազգային կապիտալին ծառայող այս բանկերը ներթափանցել են գրեթե ամեն բնագավառ և վարում են քաղաքականություններ, որոնց ամենամեծ օգուտներն էլ քաղում են հենց իրենք՝ բանկերը:

Միջազգային կապիտալն միայն իր օգտին է ծառայում

Այսպես, վերջերս լույս տեսած մի հետազոտությունում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի տված հարցազրույցից հետևում է, որ անգամ աղքատների նպաստների տրամադրման տեղական մոդելը թելադրված է Համաշխարհային բանկի կողմից` «Մենք, շատ երկրների նման, Համաշխարհային բանկի մեթոդով, չունենալով շատ փող, թիրախավորում ենք աղքատներից ամենաաղքատներին: Արդյոք դա սոցիալապես արդա՞ր է: Կարծում եմ՝ այո: Իհարկե դա տարբեր տեսանկյուններից նայելու բան ա, բայց երբ ֆինանսական միջոցները չեն ներում, դու գոնե պետք է մաքսիմալ հասցեագրում ապահովես և ծածկես, թիրախավորես նրանց, որոնք դրա կարքիը ունեն ամենաշատը»: Հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ ֆինանսական միջոցները չեն հերիքում: Պատասխանը բավականին ակնհայտ է, երբ ևս մեկ անգամ վերհիշում ենք, որ այսօր աշխարհի ամենահարուստ 1%-ը աշխարհի դրամային հարստության կեսին է տիրապետում: Իսկ ահա վերոնշյալ բանկերը, միջազգային կապիտալին ծառայելով, այնպիսի բիզնես գործարքներ են իրականացնում պետությունների հետ, որոնք հարուստներին էլ ավելի են հարստացնում, իսկ մնացածին թողնում են աղտոտված միջավայր և կիսադատարկ պետական բյուջե:    

Սակայն թիրախավորման նման ծրագրերը, որոնք թույլ են տալիս գումար խնայել սոցիալական ապահովության նպաստ տրամադրելու հաշվին, պարզվում է նաև սխալ հաշվարկների հետևանքով կարող են ընդհանրապես իրենց նպատակին չծառայել: Պարզվում է, որ նման թիրախավորման ծրագրերը իրականացվում են որոշակի հաշվարկային մոդելավորմամբ (անգլերենով՝ proxy means testing), որը բազմիցս քննադատության է ենթարկվել այդ հաշվարկներում բարձր անճշտությունների պատճառով՝ արդյունքում նախատեսված շահառուների գրեթե կեսին դուրս թողնելով ծրագրից: Անգամ միայն Ինդոնեզիայում Համաշխարհային բանկն ինքը 93% անճշտություն է բացահայտել այս հաշվարկներում: Ըստ այս մոդելների քննադատների՝ նման թիրախային ծրագրերը ցածր արժեք ունեն, ինչն էլ իր հերթին քիչ հարկում է նախատեսում: Ուստի քննադատները նշում են, որ նման մոդելները ծառայում են հարուստների շահերին, ովքեր ձգտում են ցածր հարկեր վճարել և այնքան էլ հետաքրքրված չեն քաղաքացիների մեծ մասի շահերով: Այս քաղաքականության քննադատների համար նաև զարմանալի չէ, որ այսպիսի թիրախավորված ծրագրերն հատկապես գերակշռում են թույլ ժողովրդավար երկրներում:

Հայաստանցիները պետք է հարցադրեն Համաշխարհային բանկի մտադրությունները

Անգամ Համաշխարհային բանկի մի չհրապարակված զեկույցում նշվում է, որ փորձը ցույց է տալիս, որ թիրախավորման այս մոդելի հիմքում ընկած է ոչ թե աղքատներին օգնելը, այլ նպաստների թվի կրճատումը և ֆինանսական կայունության ապահովումը: Նման մոդելը աղքատների մի մասին չներառող և խտրական մոդել է համարվում, մինչդեռ առավել համընդհանուր մոդելները՝ օրինակ, Մոնղոլիայում աղքատ երեխաների համար տրամադրվող նպաստների համընդհանուր մոդելը, թույլ է տվել անգամ գերազանցել երեխաների աղքատության կրճատման Համաշխարհային բանկի նախանշած ցուցանիշները:

Ուստի պետք է հարցադրել թե՛ Համաշխարհային բանկի նման խտրական, ոչ սոցիալական քաղաքականությունը, որը խնդիր չի լուծում, բացի հարուստների համար թվացյալ կայունությունը երաշխավորելուց, թե՛ ցանկացած ոլորտ մաթեմատիկական հաշվարկներով և մոդելավորումներով կարգավորելու ծրագրերը, կլինի դա սոցիալական, թե էներգետիկայի և բնական պաշարների ոլորտը (ինչն, ի դեպ, նույնպես նախատեսվում է Հայաստանում):

Կամ դիտարկենք աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտը: 2013թ.-ին Աշխատանքի պետական տեսչությունը միավորվեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը՝ առանց պետության կողմից այս քայլի հիմնավորումների և նաև տեսչության աշխատակիցների հետ խորհրդակցության: Եվ մինչ տեսչության որոշ աշխատակիցներ այս միավորումը բացատրում էին աշխատանքային իրավունքների վերահսկման թուլացմանն ուղղված քայլ, քանի որ կառավարությունում և ԱԺ-ում քիչ չէին գործարար շահերը ներկայացնողները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը մի հարցազրույցում նշել էր, որ «դա եղել է Համաշխարհային բանկի կողմից ներկայացվող պահանջ, որպեսզի հնարավորինս սեղմվեն գործարար աշխարհի նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնող պետական մարմինները: Այսինքն` գործարար աշխարհի նկատմամբ պետական վարչարարության բեռը թոթափելու համար է արվել դա»: Այլ փորձագետներ ևս խոսել են այն մասին, որ  «Համաշխարհային բանկը 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին կատեգորիկ կերպով դիմել է կառավարությանը՝ նամակ հղելով, որտեղ պահանջել է գարնանային նստաշրջանում տեսչական բարեփոխումներն ավարտին հասցնել, այլապես կդադարեցնեն ֆինանսավորումը: Դրանից 3 օր հետո բարեփոխումների նախագծերը դրվեցին կառավարության նիստին»:

Նշենք, որ գործարարների համար նման «վարչարարության բեռի» թեթևացման նպատակով էլ 2017թ-ին շրջանառության մեջ դրվեց աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում էր, օրինակ, ներդնել աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը, հստակեցվեր և նվազեցվեր արտաժամյա և գիշերային աշխատանքի համար տրվող հավելումների չափերը և մի շարք այլ քայլեր, որոնք աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից որակվեցին որպես հետընթաց՝ գործող օրենսգրքի հետ համեմատած: Հանրային բացասական արձագանքն, այնուամենայնիվ, 2018թ.-ին այդ նախագիծը դուրս մղեց շրջանառությունից:

Մասնավոր հատվածի աջակցումը աղքատների հաշվին

Հաշվի առնելով Համաշխարհային բանկի վերջին զեկույցում արած հայտարարությունը, ըստ որի՝ «ժամանակն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքի, հարկման և սոցիալական ապահովության քաղաքականությունը տեղափոխել 21-րդ դար», հաշվի առնելով նաև  2013թ.-ից ի վեր Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, կարող ենք նշել, որ Համաշխարհային բանկը Հայաստանին ևս 21-րդ դար է տեղափոխում, սակայն որքանով է դրանով լուծում իր հայտարարած՝ անհավասարության աճի հաղթահարման և աշխատողների համար անորոշության ավելացմանը դիմակայելու խնդիրները, մնում է բավականին խնդրահարույց:  

Սակայն մասնավորի շահերը պարզվում է՝ միայն համաշխարհային ֆինանսական կառույցները չէ, որ փորձում են առաջ մղել: Վերոնշյալ հետազոտությունում ընթերցում ենք նաև տեղական պետական մարմինների ներկայացուցիչներից մեկի հայտնած այն համոզմունքը, ըստ որի՝ սոցիալական ապահովության ոլորտը տուժում է սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր հատվածի բացակայության պատճառով: Իսկ նման քաղաքականությունը, պարզվում է, որ Համաշխարհային բանկից բացի խրախուսվում է նաև ՄԱԿ-ի կողմից: 2018թ.-ի հոկտեմբերին Աղքատության և մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի փորձագետ Ֆիլիպ Ալսթոն քննադատել է միջազգային ֆինանսական կառույցներին և ՄԱԿ-ին՝ մասնավորեցումը խրախուսելու համար, այն էլ հանրային ծառայությունների ոլորտում: Ըստ փորձագետի՝ նման քայլով պետությունը մի կողմից իր իսկ պարտավորությունները դնում է մասնավորի ուսերին (այս դեպքում ուրեմն պետությունը պետք է առնվազն հետևի, որ մասնավորը ևս հարգի մարդու իրավունքների հռչակագրերը), մյուս կողմից էլ ստեղծվում է իրավիճակ, երբ մասնավոր դերակատարը սոցիալական պաշտպանվածությունը դիտարկում է շահույթի տեսանկյունից, իսկ սոցիալական ծառայություն ստացողին՝ որպես կլիենտ: Սրա արդյունքում մասնավորը առաջանահերթություններ է սահմանում՝ կախված շահավետությունից՝ նախապատվություն տալով վճարունակներին կամ քիչ կարիքներ ունեցողներին: Զեկույցում նշվում է, որ շահույթը ստիպում է նման ծառայություններ մատուցողներին կրճատել «կլիենտների» վրա ծախսած ժամանակը, հնարավորության դեպքում լրացուցիչ վճարներ սահմանել, քիչ ուշադրություն դարձնել բարդ և ժամանակատար խնդիրներով անձանց կարիքների վրա, հատկապես եթե վճարունակ չեն, և այլն: Սա հարցականի տակ է դնում ընդհանրապես մարդու իրավունքների հասանելիության ապահովումը, այդ թվում նաև հավասարության պահպանումը և խտրականության բացառումը:  

Եվ ահա մի դրվագ ևս, ուր կրկին քննադատություն է հնչում միջազգային կառույցների վարած քաղաքականությունների հանդեպ, այդ թվում Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի հանդեպ, որոնք չնայած հնչեցրած կայուն զարգացման գլոբալ քաղաքկանություններում խրախուսում են կանաչ տնտեսությունները, սակայն գործնականում, օրինակ, Լիբանանում խորհուրդ են տալիս աղբի այրման գործարան կառուցել: Սա առաջացրել է տեղացիների անհամաձայնությունը, ովքեր պահանջում են թափոնների տեսակավորում և առողջության համար անվնաս կանաչ տնտեսություն: Հայաստանում ևս Համաշխարհային բանկի կողմից դեռևս 2009 թ.-ին խորհրդատվություն է տրամադրվել թափոնների կառավարման գործում, իսկ ահա 2015թ-ին Եվրոպական բանկերն արդեն վարկային պայմանագիր են կնքել հայկական կողմի հետ նոր աղբավայր կառուցելու համար: Վերջինս կայունության բաղադրիչներ չունենալու արդյունքում նույնպես քննադատության է ենթարկվել հանրության կողմից, ավելին դիտարկվել է խտրական քաղաքականություն, հաշվի առնելով, որ եվրոպական երկրներում գնում են աղբավայրերի քանակի կարճատման ուղով, իսկ Հայաստանի պես երկրներում կառուցում են առանց վերամշակման հնարավորության աղբավայր: Այս կառույցներն անգամ մերժել են ծրագրում փոփոխություններ մտցնելու՝ այն առավել կանաչ դարձնելու առաջարկը:

Կարճ վերջաբան

Այնուամենայնիվ, այս կառույցներն էլ անպարտելի չեն: Ճիշտ է, պետությունները, հատկապես ֆինանսական կառույցներին, մեծ լծակներ են տվել՝ հենց իրենց՝ պետություններին կախվածության մեջ պահելու համար, կլինի դա արտաքին պետական պարտքի, թե տնտեսական-ֆինանսական կախվածության միջոցով, ուր ցանկացած թափահարում կարող է հանգեցնել հեղափոխությունների: Սակայն աշխարհում քիչ չեն նաև այս կառույցների ֆինանսավորած ոչ հեռանկարային ծրագրերի դեմ ընդվզումները՝ Լատինական Ամերիկայից մինչև Ղրղզստան, Լիբանանից մինչև Հայաստան: Ուստի և հեղափոխությունները չեն ավարտվում քաղաքական դեմքերին փոխարինելով: Դրանք շարունակական են, քանի դեռ բնության և լայն հանրության շահերը չեն առաջադասված փոքրաթիվ հարուստների շահերից:      

Սոֆյա Մանուկյանը հետազոտող է, ուսումնասիրում է մասնավոր հատվածի ազդեցությունը մարդու իրավունքների վրա: Նա մասնավորապես ուսումնասիրում է, թե ինչպես մասնավոր հատվածի շահերն ազդում են բնության և մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների վրա: Ավարտել է Էսեքսի համալսարանը: Հայաստանում զբաղվում է բնական միջավայրի և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter