HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայկ Մարությանը հրաժարվում է հայտնելուց, թե Ամանորին ում և որքան պարգևավճար է տրամադրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից երկու շաբաթ տևած նամակագրությամբ այդպես էլ չկարողացանք պարզել, թե Ամանորին ում և որքան պարգևավճար է տրամադրել:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված է «Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու և խրախուսելու մասին» կարգադրությունը, սակայն բացակայում է դրան կցվող հավելվածը: Այդ հավելվածում է նշվում այն անձանց անուններն ու գումարի չափը, ովքեր Ամանորի կապակցությամբ քաղաքապետից պարգևավճար են ստացել:

Երևանի քաղաքապետարանից հրաժարվել են մեզ տրամադրել պարգևատրում ստացած անձանց ցանկը՝ պատճառաբանելով, որ հավելվածը տեղադրելու վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկվելու արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Երևանի քաղաքապետարանից մեզ հաջողվեց միայն պարզել, որ Ամանորին պարգևատրվել է 1628 աշխատակից, որոնց պարգևատրման համար քաղաքային բյուջեից փոխանցվել է 474 միլիոն դրամ: Թե ովքեր և որքան գումար է ստացել` որպես պարգևատրում, անհայտ է:

Միանվագ դրամական պարգևատրման անվանացանկն ու գումարի չափը հասանելի էր դեռևս նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ, իսկ թե ինչու է ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվում հանրայնացնել այդ տվյալները, անհասկանալի է:

Նշենք, որ նախորդ տարի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքային բյուջեից 1213 աշխատակցի պարգևատրման համար հատկացրել էր 275 միլիոն դրամ, 2016 թվականին՝ 271 միլիոն դրամ՝ պարգևատրելով 1220 աշխատակցի:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ևս Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել պարգևատրում ստացած անձանց անվանացանկը՝ նշելով, որ անձի տվյալի գաղտնիության խնդիր կարող է լինել:

Խաժակյանը պարգևատրման կարգադրությունն ու հավելվածը հրապարակելու համար Երևանի քաղաքապետարան է դիմել 2018-ի տարեվերջին, այս տարեսկզբին: Պահանջել է իրեն՝ որպես Երևանի ավագանու անդամի, փոխանցել պարգևատրման կարգադրությունը՝ հավելվածով, սակայն քաղաքապետարանը մինչ օրս չի տրամադրել այն։ «Առաջին անգամն է, որ այս կարգադրությունը փորձ է արվում թաքցնել, քանի որ նախկինում մշտապես հրապարակվում էր Երևանի պաշտոնական կայքէջում: Հստակ թվերի չեմ տիրապետում, սակայն հայտարարվել է, որ կրկնապատիկի չափ պարգևավճարներ կան», - նշեց Խաժակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter