HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ի նշան բողոքի հրաժարվում է ավագանու անդամությունից

Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի բնակչուհի  Սոֆյա Այվազյանի եւ նրա հարեւան Կարո Այվազյանի հարաբերությունները շուրջ 30 տարի լարված են: Սոֆյան 2011թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  գրավոր հայտնել է, որ 2011թ. հուլիսի 22-ին ինքը դիմել է ճանապարհային ոստիկանության վարչություն եւ տեղեկացրել, որ Կարո Այվազյանը «Գազ-52» բեռնատարը շահագործում է  առանց պետհամարանիշների, առանց տեխզննման եւ  պետական պարտադիր ապահովագրության:

Օգոստոսի 12-ին ոստիկանությունից Սոֆիային հայտնել են, որ հուլիսի 23-ին Կ. Այվազյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որ նա եւ իր հայրը զգուշացվել են` հետագայում չշահագործել առանց հաշվառման  համարանիշների մեքենան:

Սոֆյան ունի լուսանկարներ, որտեղ երեւում է` Կ. Այվազյանը 2011թ. օգոստոսին շարունակել է շահագործել բեռնատարը: Լուսաձորի 25-ամյա բնակիչ Ռազմիկ Նազարյանը գրավոր  վկայում է, որ Կ. Այվազյանը օգոստոսին շահագործել է «Գազիկը»:

Սոֆյան 2011թ. հոկտեմբերի 9-ին կրկին բողոքել է  նախկին ոստիկանապետին` հայտնելով. «Դիմումիս կապակցությամբ վարչությունից եկած երկու աշխատակիցներից մեկն ինձ ստիպում էր, որ ես բացատրության մեջ գրեմ, որ շնորհակալ եմ  տեղի (Իջեանի) «ԳԱԻ պետ» Կ.Բոյաջյանից: Մինչդեռ ես դժգոհ եմ նրանից, որ ժամանակին դիմումիս եւ իմ  ահազանգին ընթացք չի տվել: Խնդրում եմ կարգապահական պատասխանատվության ենթարկել ինչպես վարչությունից եկած Վ. Սիմոնյանին` ոչ օբյեկտիվ քննություն կատարելու համար, այնպես էլ Բոյաջյանին` օրենքի պահանջներով չաշխատելու համար»:

Սոֆյան պնդում է, որ Կ. Բոյաջյանը իր երեք ահազանգերից միայն մեկին է արձագանքել: 2011թ. նոյեմբերի 17-ին ՀՀ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Ա. Գալստյանը Սոֆյա Այվազյանին գրավոր տեղեկացրել է , որ ՀՀ ոստիկանապետին  ուղարկած նրա դիմումը քննարկվել է, որ ճանապահային ոստիկանության ծառայողներ Վ. Սիմոնյանի եւ Կ. Բոյաջյանի գործողություններում օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել:

Սոֆյան շարունակել է բողոքել: Այս տարվա հունվարի 19-ին կրկին «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Ա. Գալստյանը նրան  հայտնել է, որ Լուսաձորում, Կ. Այվազյանի հայրական տան բակում կայանած բեռնատարը «գտնվում է անսարք վիճակում, եւ արտաքին տեսքից էլ նկատելի է, որ այն չի շահագործվել»:

Ա. Գալստյանը Ս. Այվազյանին չի տեղեկացրել, թե  Կ. Այվազյանի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման արձանագրությունից հետո նա տուգանվե՞լ է, թե` ոչ: Սոֆյա Այվազյանը բողոքում է  նաեւ Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանի դեմ, ով ոստիկանությանը տեղեկանք է տվել այն մասին, որ 2011թ. օգոստոսին Կարո Այվազյանը չի շահագործել վերոհիշյալ «Գազ-52»-ը: Նման տեղեկանք տալը գյուղապետի իրավասությունների մեջ չէ, համայնքի ղեկավարն էլ ամեն րոպե չի հսկում` Կ. Այվազյանը բեռնատարը շահագործո՞ւմ է, թե` ոչ: Մնում է  ենթադրել, թե ինչու՞ է գյուղապետը ոստիկանությանը տրամադրել նման տեղեկանք:

Նշենք, որ Կարո Այվազյանը զինվորական է, վաշտի հրամանատար, կոչումով` կապիտան: Սոֆյա Այվազյանը  2011թ. նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 26-ին սպա Կարո Այվազյանի դեմ բողոքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն ցայսօր պատասխան չի ստացել:

2012թ. հունվարի 30-ին Սոֆիան եղել է ՀՀ ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանի մոտ, հաջորդ օրը նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմում է տվել: Դիմումի մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նա  հայտնել է , որ 2011թ. ընթացքում Իջեւանի «ԳԱԻ  պետ» Կարեն Բոյաջյանը երկու անգամ վթարի ենթարկվելով ` ջարդել է  «793 ՈՍ 01» պետահամարանիշներով ծառայողական ավտոմեքենան: Սոֆյայի տեղեկություններով` Կարեն Բոյաջյանը ներկայումս աշխատում է  Վանաձորի պետավտոտեսչությունում:  

2012թ. հունվարի 19-ին Սոֆյա Այվազյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին գրավոր հայտնել է, որ եթե մարզպետը գյուղապետ Սուրեն Քոչարյանի արարքին (ոչ հավաստի տեղեկություններով տեղեկանք տրամադրելուն) համապատասխան գնահատական չտա,  ինքը կհրաժարվի ավագանու անդամությունից:

Հունվարի 26-ին մարզպետն ընդունել է Սոֆիային, փետրվարի 2-ին Ս. Այվազյանը ստացել է մարզպետի գրավոր պատասխանը: Ա. Ղուլարյանը հայտնել է, որ մարզպետարանը համայնքի ավագանու անդամի լիազորություների վաղաժամկետ դադարեցնելու հետ կապված լիազորություններ չունի, որ այդ հարցը կարգավորվում է ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ կետով: Այսինքն`ավագանու  հերթական նիստում դրա վերաբերյալ արձանագրություն է կազմվում, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը: 697 բնակիչ ունեցող Լուսաձորում 5 հոգու փոխարեն ընտրվել էր ավագանու 4 անդամ, որից մեկը վաղուց Ռուսաստանում է, եւս մեկն էլ  Ռուսաստան գնալու համար դեկտեմբերի 21-ին  հրաժարվել է ավագանու անդամությունից: Սոֆիայի հրաժարականից հետո Լուսաձորի ավագանին կունենա…մեկ անդամ: Մարզպետը նաեւ տեղեկացրել է, մարզպետարանը Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի կողմից  ոստիկանությանը տրամադրած ոչ հավաստի տեղեկություներով տեղեկանքի հետ կապված լիազորություններ չունի: Սոֆյա Այվազյանն  օրերս դիմել է նաեւ  Տավուշի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter