HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Այս տարի առաջին անգամ 200 քաղաքացի պետպատվերի շրջանակում անցնելու է արագացված ճառագայթային բուժում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Կառավարություն ներկայացրած որոշման այն նախագծին, ըստ որի՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում, բեռնատար ավտոմոբիլի խցիկում կիրականացվի միայն մանկական պահող համակարգերի (car seat) միջոցով, որոնք հարմարեցված են երեխայի քաշին և կարգելվի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը մոտոցիկլի հետևի նստատեղին նստած:

Նախարարը նշեց, որ նախագիծը միտված է նվազեցնելու մանկական մահացության և վնասվածքների դեպքերը: Ասաց, որ նման դեպքերի ամբողջական վիճակագրություն չունեն, սակայն համաշխարհային վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ եթե մինչև չորս տարեկան երեխայի մանկական պահող համակարգը ամրացված է վարորդի կողքի նստատեղին, ապա այն 50 տոկոսով նվազեցնում է երեխաների տրավմատիզմի դեպքերը, իսկ եթե դրված է հետևի նստատեղին՝ 80 տոկոսով:

Առողջապահության նախարարն անդրադարձավ համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանը, նշեց, որ այն պետք է առաջիկայում գործի գրանցված աշխատողների համար: «Որոշված չէ, թե աշխատողների աշխատավարձի քանի տոկոսից է փոխանցվելու համակարգին: Մենք աշխատելու ենք այնպիսի տոկոսներից սկսել, որ բեռ չլինի քաղաքացիների վրա, չնայած բեռ չի լինելու, քանի որ միանգամից սկսելու են օգտվել»: Նշեց, որ առաջնային է լինելու թոշակառուների մասին մտածելը, քանի որ նրանց համար կա´մ պետք է վճարի պետությունը, կա´մ աշխատող քաղաքացին: «Եթե որոշենք, որ կենսաթոշակառուներին պետք է միանգամից ներգրավվել համակարգում, ապա տոկոսը աճելու է, կամ էլ բյուջետային հատկացումները պետք է աճեն: Դրա համար այս պահին միայն խոսում ենք աշխատող քաղաքացիների մասին կամ նրանց, ում համար պետությունն արդեն վճարում է»: Ըստ Արսեն Թորոսյանի՝ համակարգը  աշխատելու է 2021 թվականից:

Թորոսյանը նշեց, որ այս տարի ուռուցքաբանական ծառայությունների համար ունեն 700 մլն դրամի աճ և եկել են այն եզրակացության, որ այդ գումարը պետք է վճարվի պետպատվերի համար, ու քաղաքացիների վճարած համավճարները պետք է հանվեն: «Պետք է լինեն նաև ուռուցքաբանական խորհուրդներ` որոշելու, թե ում են տրամադրվելու պետպատվերները: Քաղաքացին վիրահատության համար գումար չի վճարի, այլ պետությունը կվճարի ամբողջ գումարը»,- նշեց նախարարը: Ուռուցքաբանության համար ներդրվելու է արագացուցիչներով ճառագայթային բուժում, որը մինչև հիմա չի եղել, այլ բուժումն իրականացվել է միայն գամմա ճառագայթների միջոցով: Ըստ նախարար Ա. Թորոսյանի` պետպատվեր ներդրվելու է 200 քաղաքացու համար: Կուրսի արժեքը մոտ 1 մլն դրամ է:

Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ այս տարի 210 մլն ներդրում են անելու վերարտադրողական առողջության ոլորտում` անպտուղ զույգերին օժանդակ ծառայություններ մատուցելու համար: Ծրագիրն ուղղված է լինելու անպտղության պատճառները պարզելուն և մի մասն էլ՝ արտամարմնային բեղմնավորման ծառայություններ իրականացնելուն:

 

Լուսանկարը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter