HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն

Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը,  «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը:

Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում, իսկ այս պահին կատարվում է ուսումնասիրություն՝ արտադրության համար հարմար տարածք ընտրելու նպատակով: Ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում, սակայն ներդրման հստակ չափ հայտնի կլինի ֆինանսական մոդելի մշակման ուղղությամբ իրականցվող քննարկումներից հետո: Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, և թե՛ արտահանման համար: Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ, որպեսզի արտադրությունը մեկնարկի ամենակարճ ժամկետներում: Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզին անվճար կտրամադրվեն նաև 3 նոր վերելակներ:

Տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը ենթադրում է, որ գործընկեր կազմակերպությունը պատրաստակամ է տրամադրել ներմարզային տրանսպորտային համակարգի արդյունավետությանն ուղղված խորհրդակցական ծառայություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ աջակցել շարժակազմի թարմացմանն ու մի շարք այլ խնդիրների լուծմանը: Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներմարզային և միջհամայնքային տրանսպորտային ցանցի  վիճակը գնահատեց «կատաստրոֆիկ վատ», քանի որ 10-ամյակներով որևէ ներդրում չի արվել, իսկ գծատեր-վարորդ արգահատելի փոխհարաբերությունները հանգեցրել են անցանկալի արդյունքների:

«Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, ով չինական երկու ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, բարձր է գնահատել մարզային իշխանությունների պատրաստակամությունը՝ ունենալու արդյունավետ համագործակցություն` լինելով մշտական հասանելիության մեջ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպման ընթացքում նշեց, որ այս համագործակցությունը դրական կանդրադառնա նաև տուրիզմի ոլորտի վրա, քանի որ չինական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ արտասահմանում աշխատակիցների հանգիստը կազմակերպելիս որպես գրավիչ երկիր դիտարկել նաև Հայաստանը և մասնավորապես՝ Կոտայքի մարզը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter