HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում բռնության ենթարկված լրագրողների գործի կասեցումը բողոքարկվել է

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում բռնության ենթարկված լրագրողների գործը կասեցումից հետո բողոքարկվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր այդ գործով առաջին նիստն էր:

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը հայտարարեց, որ գործով ներգրավված դատախազ Վարդգես Սարգսյանի հետ ընկերներ են, չնայած ըստ նրա՝ այդ հանգամանքը չի կարող ազդել դատավարության ընթացքի և օբյեկտիվության վրա:

Այսօրվա նիստին մեղադրող դատախազը ներկա չէր, այդ պատճառով էլ նիստը հետաձգվեց: Ըստ նախագահող դատավորի՝ նպատակահարմար է, որ դատախազը ևս իր կարծիքն արտահայտի իրենց ընկերական հարաբերությունների վերաբերյալ:

Փաստաբան Կարեն Տոնոյանն, ով ներկայացնում է տուժած լրագրողներ Մարիամ Գրիգորյանի և Գևորգ Ղազարյանի շահերը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմել են Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե` նշելով, որ նախաքննական մարմինը թերի քննություն է կատարել և անգործության մատնվել:

«Կասեցումից հետո կոնկրետ որևէ դատավարական գործողություն չի կատարվել: Կասեցման հիմք հանդիսանում է այն, որ կատարվել են բոլոր քննչական-դատավարական գործողությունները, և նոր ապացույց ձեռք բերելու հնարավորություն չի եղել»,- նշեց փաստաբանը:

Ըստ Կարեն Տոնոյանի՝ նախաքննական մարմնի կողմից կատարված գործողությունները եղել են ֆորմալ կողմը պահելու համար.

«Բովանդակային առումով մեզ չի բավարարում իրենց կատարած գործողությունները: Կան բազմաթիվ տեսագրություններ, որոնք մինչև հիմա չեն ներկայացրել իմ վստահորդներին: Կարծում եմ՝ քննությունը թերի է իրականացվել»,- ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը՝ լրագրողներ, 19-ը ճանաչվել են տուժող:

Գործի քննությունը կասեցվել է 2018-ի սեպտեմբերի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter