HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտված գործի համար կփոխհատուցի 118 հազար եվրո

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով:

Գործով որպես փոխհատուցում դիմումատուին պետք է տրամադրվի 118 հազար եվրոյին համարժեք դրամ: Այն փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից, որի որոշման նախագիծը այսօրվա նիստին գործադիրը հաստատեց:

Հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:

Գործի փաստական հանգամանքները և ընթացակարգը

Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են խախտումներով, խախտվել է նաև դատարանի մատչելիության իրենց իրավունքը, գույքի օտարման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու հանգամանքները:

Որպես փոխհատուցում կառավարությունից պահանջել են 874 հազար եվրո:

Կառավարությունը ՄԻԵԴ-ին միակողմանի հայտարարություն է տվել՝ նշելով. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդունելով, որ խախտվել են դիմումատուների իրավունքները, առաջարկում է ամբողջ նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բոլոր ծախսերը և ծախքերը հատուցելու համար դիմումատուներ Մարինե Կպրյանին և Անժելա Ասրիբաբայանին միասին վճարել 118 000 եվրո»:

2017 թվականի հուլիսի 12-ի գրությամբ դիմումատուները նշել են, որ իրենք բավարարված չեն միակողմանի հայտարարության պայմաններով, Եվրոպական դատարանից պահանջել են մերժել կառավարության առաջարկը՝ նշելով, որ դրանով առաջարկված փոխհատուցման գումարն իրենց պատճառված վնասի համեմատությամբ ծիծաղելի է, և միակողմանի հայտարարությունը Եվրոպական դատարանի կողմից ընդունելը թույլ կտա կառավարությանը խուսափել նրանց բողոքներին, ըստ էության, պատասխանելուց:

Հաշվի առնելով կառավարության հայտարարության մեջ բերված փաստարկների բնույթը, առաջարկվող փոխհատուցման գումարը, ինչը համապատասխանում է համանման գործերով շնորհված գումարներին՝ Եվրոպական դատարանը համարել է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ:

Դիմումատուները Հայաստանի կառավարությունից պահանջել են 874 հազար եվրո որպես նյութական վնասի և 3301 եվրո կրած ծախսերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 հազար եվրո՝ որպես արդարացի փոխհատուցում: Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանի կողմից ընդունվել է Հայաստանի կառավարության առաջարկությունը՝ դիմումատուներին վճարել 118 հազար եվրո ամբողջ նյութական և ոչ նյութական վնասի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter